Շուրջ մեկ ամիս առաջ` 2012 թ. նոյեմբերի 20-ին, Հայաստանի երեք տասնյակ քաղաքացիներ նախաձեռնեցին ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության ձևավորման գործընթացի մեկնարկը, և որպես այդ գործընթացի նախաձեռնող խումբ` իրենց հռչակեցին Նախախորհրդարան:
Սա պայմանավորված էր այն արձանագրումով, որ Հայաստանում առկա է պետականության գոյությանը սպառնացող բարոյա-հոգեբանական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և կառավարման` օրեցօր խորացող համակար-գային ճգնաժամ. որն իրական վտանգ է հանդիսանում հայրենիքում բնակվող հայության ֆիզիկական գոյության համար:
Նախախորհրդարանը համակարգային ճգնաժամի հաղթահարման առաջնային պայման է համարում արդյունավետ այլընտրանքային կառավարման ապահովումը, որին հասնելու համար հետամուտ է լինելու լուծել հետևյալ խնդիրները.
o մշակել ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության ռազմավարական հայեցակարգը,
o նախադրյալներ ստեղծել Հայաստանում և արտերկրում բնակվող համապատասխան կադրային ռեսուրսի ներգրավման համար,
o ապահովել նոր որակի պետության ձևավորման մեկնարկի համար անհրաժեշտ ներկայացուցչական մարմնի` Հիմնադիր խորհրդարանի կազմավորումը:
Այս խնդիրների լուծմանը ձեռնամուխ լինելով, Նախախորհրդարանն արդեն անցկացրել է մի քանի լիագումար նիստ, որոնց ընթացքում մշակել է իր գործունեության կանոնակարգային ու մեթոդաբանական փաստաթղթերը, կազմավորել է ռազմավարական հայեցակարգի մշակման ոլորտային աշխատանքային խմբեր: Այդ խմբերում ներգրավվում են Հայաստանում և արտերկրում բնակվող փորձագետներ և խորհրդականներ: Խմբերի աշխատանքը զուգահեռաբար կատարվում է երկու` ռազմավարական հայեցակարգի նախագծի տեքստի մշակման և հանրային լսումների կազմակերպման ուղղությամբ: Լսումներին որպես բանախոսներ են հրավիրվում տվյալ ոլորտում հայտնի մասնագետներ և վաստակ ունեցող անհատներ: Լսումները լինելու են բաց, և հեռարձակվելու են ինտերնետային կապով:
Արդեն կազմակերպվել է առաջին հանրային լսումը, որը նվիրված է եղել “Հայրենադարձությունը և ազգային անվտանգության մարտահրավերները” թեմային: Կարևորվում են նաև Նախախորհրդարանի արտագնա նիստերը, որոնցից առաջինը կայացել ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ
է Գյումրիում: Սկսել են նաև հանդիպումներ համակիրների հետ արտերկրում, մասնավորապես կազմակերպվել են Նախախորհրդարանի և նրա քարտուղարության անդամների հանդիպումներ Եվրոպայի մի շարք երկրներում և ԱՄՆ-ում:
Նախախորհրդարանի ծնունդը համընկավ Հայաստանում դասական կուսակցական քաղաքական դաշտի փլուզման հետ և սա պատահական չէր: Ներկայացուցչական ժողովրդավարության սնանկացումը պետք է ծներ անմիջական ժողովրդավարական, քաղաքացիական դաշտի անհրաժեշտ վերակազմակերպում՝ նոր ներկայացուցչական մարմինների անհրաժեշտ սաղմնավորմամբ:
Մենք, փաստորեն, ականատեսն ենք մեր երկրի քաղաքական պատմության քսանամյա շրջանի ավարտին և նորի ծնունդին: Նախախորհրդարանը վստահ է, որ մեր ժողովուրդը հաղթահարելու է քայքայվող քաղաքական դաշտին հատուկ հեղծուկ գորշությունը, դրանից բխող հասարակական անտարբերությունն ու հուսահատությունը: Իրենց մարդկային և ազգային արժանապատվությանը տեր կանգնելու պատրաստ քաղաքացիները հանրությանը համախմբվելու են արժանի նպատակի` նոր որակի պետության ձևավորման առանցքի շուրջ և ապահովելու են քաղաքական արատավոր շրջանից երկրի դուրսբերումը:
Քրեա-օլիգարխիկ վարչախմբի ու նրան լեգիտիմացնող ընդդիմության վերնախավի գործակցությամբ ձևավորված ”քաղաքական” գործընթացներում՝ “նախագահական ընտրություններ” կոչվող բեմականացման մեջ ժողովրդին վերապահված պասիվ դիտորդի վիճակը ժամանակավոր է:
Քաղաքական թմբիրից արթնացող քաղաքացիների համար ակնհայտ է, որ ներկայիս “ընտրախավը” հանդիսանում է հանցագործ ու անձեռնհաս կեղեքիչների խումբ, որը պետությունը վերածում է գաղութի. և որը, ազգային շահերին համապատասխան կառավարելու փոխարեն, հարմարվելով միջազգային կոնյուկտուրային, իր նպատակն է դարձրել սեփական կլանային շահերի իրացումը ժողովրդի, երկրի ու պետության հաշվին:
Քաղաքացիները այլընտրանքային ընտրությունների միջոցով ծնելու են մեր պատմությանը արժանի իսկական ընտրախավ` Հիմնադիր խորհրդարան, նրան տալով իրենց դեմքը լինելու, հանցավոր վարչախմբին հեռացնելու և քաղաքական ճահիճը մաքրելու լիազորություններ:
Շնորհավորելով մեր ժողովրդի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը ` Նախախորհրդարանը հավաստիացնում է, որ կուտակելով մտավոր ու մասնակցային անհրաժեշտ ներուժ, այն առաջիկա տարում կառուցիկ և անկոտրում ընթանալու է դեպի նշված նպատակի իրականացումը:
Ասուլիսի տեսանյութը ամբողջությամբ տես այստեղ