Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական զավեշտները` նավթի բույրով

Դեկտեմբեր 27,2012 17:03

Հարևան պետությունում հերթական անգամ նախագահի թեկնածու է հռչակվել Իլհամ Ալիևը: «Ադրբեջան 2013. նոր նպատակներ, նոր հաջողություններ» կոչված համաժողովում այս մասին հայտարարել է ԵԱԿ փոխնախագահ Ալի Ահմեդովը: Համաժողովը համընկել է որդի Ալիևի ծննդյան օրվան:  Դրանից ժամեր անց Ադրբեջանի «ազատ» լրատվական դաշտը հեղեղվում է առաջնորդի որդու` «ծաղկուն  երկրի մերօրյա  առաջնորդ դարձրած «անփոխարինելի» Իլհամի գովքով:  Ու կրկին զավեշտ. Իլհամին գովաբանելով` նրա խոսափողները, միգուցե չհասկանալով, իսկ գուցեև` նպատակադրված, ստվերում են հայր առաջնորդին: Դեռ ամբոխավարությունից չհրաժարված ժողովուրդը կարծես թե պաշտում էր Հեյդարին, իսկ հիմա ամբողջ ներուժն ուղղել է Իլհամին էլ ավելի պաշտելի դարձնելուն: Գուցե  այդպես էլ հանձնարարված է: Հետո էլ` էլի զավեշտ. Իլհամը իր թիմակիցներին հայտարարեց, թե «ընդհանուր առմամբ` տարին հաջող էր, և մեզ հաջողվեց իրագործել բոլոր խնդիրները, որոնք դրել էինք մեր առջև, և ապագան դիտում ենք լավատեսորեն, քանզի և տնտեսական, և սոցիալական, և արտաքին քաղաքականության ոլորտներում հասել ենք նրան, ինչ ցանկացել ենք»: Ստացվում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերհաժողովի զեկուցող Քրիստոֆեր Շտրասերի զեկույցը, ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանին ուղղված սուր քննադատությունը, Ադրբեջանի մի շարք փորձագետների գնահատականները, որ քննադատությունները ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը, Ալիևի վարած քաղաքականության պլանավորված դրույթների՞ց են:

 «Հասել ենք նրան, ինչ ցանկացել ենք» արտահայտությունը բնականաբար ծաղրանքի արժանացավ ադրբեջանցի օգտատերերի շրջանում, ովքեր, անտեսելով բանտարկվելու վտանգը, սոցցանցերում սկսեցին ակտիվ քննարկումներ` չքավորության մեջ ապրող գյուղերի, մարդասպան «հերոսի» և ընտանեկան բիզնեսների մասին: Հետաքրքիր է նաև, թե ի՞նչ նկատի ուներ Ադրբեջանի նախագահը, երբ խոսում էր արտաքին քաղաքականության խնդիրների լուծման մասին. կամ Արցախյան հարցը դուրս է եկել Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունից, կամ էլ ստատուս քվոյի պահպանումը Ալիևի անմիջական նպատակն է:

Ինչևէ, մի բան ակնհայտ է. Իլհամի` կրկին նախագահ դառնալու խաղաքարտերից մեկը հենց Արցախյան հարցն է: Ու այս պահին այդ խաղաքարտը օդ ու ջրի նման անհրաժեշտ է ցմահ նախագահացու Ալիևի համար:

Որդի Ալիևի մեծարմանը և գովաբանմանը, գուցե պատահաբար (թեև պատահաբար ոչինչ Ադրբեջանում չի լինում), Ադրբեջանը կրկին հեղեղվեց ուժային մեթոդով Արցախը գրավելու կոչերով, «մեր բանակը հզոր է ու անպարտելի» գոչյուններով: Եվ` նորից զավեշտ, այս անգամ փառապանծ խոսնակ Էլդար Սաբիրօղլիի տեսքով: Մտքի պայծառությամբ «փայլող» այս կերպարը բնականաբար, բաց չթողեց Իլհամին հաճոյանալու հարմար առիթը:

Ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում Սաբիրօղլին անդրադարձ է կատարում նաև հայկական բանակին և «մտահոգիչ» է համարում Հայաստանի զինված ուժերի վիճակը: Իրականում պարզ է, թե հատկապես ինչն է մտահոգում Սաբիրօղլուին: Ադրբեջանի քաղաքական և ռազմական վերնախավի կարկառուն դեմքերը մեկ անգամ չէ, որ հայտարարել, են, թե «մոտ է այն օրը, երբ ադրբեջանական դրոշը կծածանվի հայերի վերահսկողության տակ գտնվող քաղաքներում և գյուղերում»: Անցավ ևս մեկ տարի, սակայն այդպես էլ Ադրբեջանի «փառապանծ բանակը» բազում ձախողված և անհաջող նենգ դիվերսիաներից բացի ոչինչ չկարողացավ անել «անմխիթար վիճակում գտնվող հայկական բանակի» դեմ:

Բնական է, Էլդարը հղումներ է անում հայկական բանակի` «արտուրսաքունցյան» գնահատականներին, հավելելով, թե Արցախի պաշտպանության բանակում իրողությունն էլ ավելի վատ է: Հերթական զավեշտը: Դրանով Սաբիրօղլին հաստատում է, որ Արցախը անկախ պետություն է և ունի իր բանակը:

Ավելի լավ չէ՞ր լինի խոսել սեփական բանակի վիճակի մասին, հիշեցնել Ադրբեջանի ռազմական լրագրողական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի հրապարակած տվյալները, որ 2012 թ.-ի ընթացքում դեկտեմբերի 20-ի դրությամբ, տարբեր հիվանդություններով բանակ զորակոչված 15 զինծառայողներ են մահացել: Որ ադրբեջանական բանակն ընթացիկ տարում 95 զինծառայողներ է կորցրել, 88 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ավելի լավ չէ՞ր լինի խոսել Ադրբեջանի զինված ուժերում տիրող համատարած «դեդովշչինայի» մասին, հիշել, որ կարգապահությունն անվերահսկելի է դարձել սեփական բանակում, բացատրել, թե հրամանատարությունն ինչո՞ւ է ամեն գնով փորձում թաքցնել հաճախակի դարձած միջադեպերը, սպանությունները և այլն:

Զավեշտալի չէ՞ արդյոք, երբ սովորական հովվին «տեռորիստ» դարձրած, մարդասպանին հերոսացնող Ադրբեջանի բանակի խոսնակը դատողություններ է անում հայկական բանակի մասին: Զավեշտալի է, իհարկե, սակայն հասկանալի չէ, թե դեռ ինչքան է շարունակվելու այդ զավեշտը, ինչքան է այս փայլուն խոսնակն իր պայծառ մտքով, Հայոց հաղթական բանակի մասին իր փայլուն և զավեշտալի գիտելիքներով զվարճացնելու հանրությանը:

 

Գագիկ Ղազարյան

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31