«ՀՀ քաղաքական դաշտում չկա տարաձայնություն այն հարցում, որ Եվրասիական ինտեգրման և Եվրաինտեգրման հարցերի միջև իբր թե գոյություն ունի հակասություն»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
Նա նշեց, որ օգոստոսի 8-ին, երբ Կրեմլում հանդիպեցին Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը, նրանց խոսակցության թեմայի լույսի ներքո խթանվեց ՀՀ-ում Եվրասիական ինտեգրումների շարքը: Ա. Սաֆարյանի տեղեկացմամբ՝ անցած ամիսների ընթացքում քաղաքական և փորձագիտական մակարդակներով նման քննարկումներ են տեղի ունեցել Երևանում, Պետերբուրգում ,Մոսկվայում, Մինսկում, որոնց մեծ մասին վերլուծաբանը մասնակցել է:
Տեղյակ լինելով խնդրի մանրամասներին՝ պարոն Սաֆարյանը կարծիք է հայտնում. «Կարծում եմ, որ նրանք ովքեր կփորձեն ՀՀ-ի Եվրաինտեգրման գործընթացը հակադրել Եվրասիական գործընթացներին ՀՀ-ի ավելի սերտ մասնակցության խնդրին, պարզապես նպատակ կունենան առճակատել և բաժանել հայկական հասարակությունը Եվրոպայի և Ռուսաստանի կողմնակիցների միջև, նրանց միջև բախում առաջացնել, հայ հասարակությունը դարձնել ավելի թույլ և որոշակի իմաստով անպաշտպան: Եվրոպական ինտեգրացիայից ՀՀ-ի ակնկալիքը բոլորին հայտնի է. դա ՀՀ-ի քաղաքական, հասարակական, տնտեսական, իրավական հանրային ենթակայությունների եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելն է: Այստեղ մեր հասարակությունը տարաձայնություն չունի: Եվրասիական ինտեգրման գործընթացներում մենք կարող ենք ակնկալել մեր անվտանգային, ռազմաքաղաքական դաշինքի հիման վրա ստեղծել նոր կառույցի հնարավոր մասնակցություն, եթե մեր հասարակությունը 2013-ին դա իր համար որոշի»:
Այն մտայնությանը, թե շատերը Եվրասիական միությունը համեմատում են Խորհրդային միության հետ, պարոն Սաֆարյանն այսպես արձագանքեց. Դրա վերստեղծումը ոչ միայն անհնար է, այլև անիմաստ: Այն գործընթացները, որոնք բազմամակարդակ են և ընթանում են հետխորհրդային տարածքում, նպատակ ունեն պրագմատիկ տնտեսական շահի, աշխարհահայացքային ընդհանրությունների հիման վրա համախմբել հետխորհրդային ժողովուրդներին և պետություններին, ստեղծել նրանց միջև ավելի խաղաղ ապրելու, ազատ շնչելու հնարավորություն: Եթե սյդ հնարավոր ճանապարհը գտնվի, ապա այդ մեգա պրոյեկտը հաջողություն կունենա»:
Կարդացեք նաև
Ա. Սաֆարյանին խնդրեցինք գնահատել ներքաղաքական իրավիճակը՝ հատկապես Լ. Տեր-Պետրոսյանի և Գ. Ծառուկյանի՝ չառաջադրվելու հանգամանքները: Նա չցանկացավ մեկնաբանել՝ պատճառաբանելով, որ որպես քաղաքական վերլուծաբան, ով զբաղվել է Եվրասիական ինտեգրացիայի խնդիրներով, հաճախ բացակայել է երկրից և միշտ չէ, որ կարողացել է հետևել ներքաղաքական զարգացումներին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ