Երեկ Օրենբուրգի մարզային դատարանը վճիռ է կայացրել երկու նախկին ոստիկանների նկատմամբ: Նրանք մեղավոր են ճանաչվել ձերբակալված Հայաստանի քաղաքացուն դաժանորեն սպանելու մեջ: Հայտնում է «Նյուզ ռու» պարբերականը:
Ըստ հետաքննության, 2011թ. նոյեմբերին 34-ամյա Արմեն Սարգսյանն իր ընկերների հետ այցելել էր հիվանդանոց՝ իրենց ծանոթին տեսակցելու: Երեկոյան, հիվանդանոցից հետ վերադառնալիս, Սարգսյանին ու իր չորս ընկերներին կանգնեցնում են ոստիկաններ ու հայտնում, որ նրանք մեղադրվում են Օրենբուրգի բնակիչների մեքենաներից գողություն անելու մեջ:
Ձերբակալվածներին տանում են օպերատիվ-հետախուզության բաժին: Այնտեղ ծառայողական սենյակում երկու ոստիկաններ Արմեն Սարգսյանի նկատմամբ բռնություն են կիրառել՝ փորձելով խոստովանություն կորզել նրանից:
«Անօրինական գործողությունների ընթացքում ոստիկանները ծեծել են ձերբակալվածին, կապել են նրան պարանով, կտտանքների են ենթարկել էլեկտրաշոկով ու խեղդել են՝ կիրառելով հակագազ», – ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Ձերբակալվածը մահացել է վրա հասած մեխանիկական ասֆիկսիայի արդյունքում:
Կարդացեք նաև
2011թ. նոյեմբերի 21-ին պաշտոնի դիրքը չարաշահելու համար ոստիկանների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ «մահը (Արմեն Սարգսյանի) հանցավոր բնույթ է կրում»:
Երկու նախկին ոստիկանները՝ Էդուարդ Մակաևը և Անտոն Գոնչարենկոն, դատապարտվել են 13 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Նրանց մեղսակիցը՝ Սերգեյ Ռադիոնովը, դատապարտվել է 170 -ժամյա հարկադիր աշխատանք կատարելու: Եվս երկու նախկին ոստիկաններ՝ Ռուսլան Զայնուլինը և Անդրեյ Մեշկովը, դատապարտվել են 150-ժամյա հարկադիր աշխատանքների: Գրում է «Նյուզ ռու»-ն՝ հղում անելով «Ինտերֆաքսին»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ