Ամեն տարի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անունները հրապարակելուց հետո մարզական լրագրողների ֆեդերացիայի եւ քվեարկությանը մասնակցած լրագրողների դեմ դժգոհությունների եւ բողոքների ալիք է բարձրանում: Այդ ալիք սարքողների մեջ քիչ չեն այնպիսի մարդիկ, որոնք տպավորություն են թողնում, թե կամ սպորտից են շատ հեռու, կամ սպորտի մասին շարքային մարզասերից էլ պակաս գիտելիքներ ունեն:
Վիճահարույց է դիտվում, թե ինչպե՞ս է պատահել, որ 2012 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում «տեղ են գտել միայն «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ», շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, իսկ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը` ոչ:
Ի պատասխան ընդամենը հարցնում ենք. «Հայաստանը քանի՞ օլիմպիական չեմպիոն ունի»: Միանգամից ասենք` 13, ու ըստ հերթականության հիշեցնում ենք նրանց անունները:
Կարդացեք նաև
Հրանտ Շահինյան` սպորտային մարմնամարզություն
Ալբերտ Ազարյան` սպորտային մարմնամարզություն
Վլադիմիր Ենգիբարյան` բռնցքամարտ
Իգոր Նովիկով` հնգամարտ
Ֆաինա Մելնիկ` աթլետիկա, սկավառականետում
Յուրի Վարդանյան` ծանրամարտ
Էդուարդ Ազարյան` սպորտային մարմնամարզություն
Հոկսեն Միրզոյան` ծանրամարտ
Լեւոն Ջուլֆալակյան` հունահռոմեական ըմբշամարտ
Իսրայել Միլիտոսյան` ծանրամարտ
Մնացական Իսկանդարյան` հունահռոմեական ըմբշամարտ
Հրաչյա Պետիկյան` հրաձգություն
Արմեն Նազարյան` հունահռոմեական ըմբշամարտ:
Ընդ որում, Արմեն Նազարյանը Հայաստանի համար վերջին օլիմպիական ոսկին նվաճել է 1996 թվականին` Ատլանտայում:
Այսքանն է: Ուրիշ օլիմպիական չեմպիոն, ցավոք, դեռ չունենք: Իսկ ինչ վերաբերում է մեր փառապանծ շախմատիստներին, որոնցով հպարտանում ենք ազգովի ու երեւի ամենաշատը տողերիս հեղինակը (վկա` նրանց բոլոր մրցելույթների մասին ամենօրյա հրապարակումները Aravot.am-ում եւ տպագիր «Առավոտում»): Պարզապես, ուզենք թե չուզենք, պիտի ընդունենք, որ օլիմպիական խաղերի չեմպիոնն ու շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողը (չեմպիոնը) տարբեր բաներ են: Ու բոլորս էլ մեր բոլոր չեմպիոններով, մեդալակիրներով ու ընդհանրապես, հաղթողներով հպարտանում ենք մարդկայնորեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ