Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Մհեր Սեդրակյանը հրապարակավ ներողություն է խնդրել»

Դեկտեմբեր 27,2012 16:13

Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հրավիրած բանավեճի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, գնահատելով իր գործընկերոջ՝ Մհեր Սեդրակյանի եւ մեր գործընկերոջ՝ Մհեր Արշակյանի միջադեպը՝ այսպիսի հայտարարություն արեց՝ կապված Սերժ Սարգսյանի ապահով Հայաստան կարգախոսի հետ դրա հակասության մասին. «Ցավոք, կոնկրետ այդ միջադեպը չափազանց բացասական ձեւով է ներկայացվել լրատվական միջոցներում: Եթե ուշադիր հետեւել եք այդ միջադեպին հաջորդող արձագանքներին, ապա նկատած պետք է լինեք, որ ՀՀԿ առանցքային տարբեր քաղաքական գործիչեր ոչ միայն անընդունելի են համարել, այլ նաեւ դատապարտել են կատարվածը: Կոնկրետ մեկ միջադեպով եզրակացնել, որ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհին այն բոլոր արժեքները, սկզբունքները եւ մոտեցումները, որոնք ամրագրված են նախընտրական ծրագրում, դրանով պետք է ստվեր գցեն այդ ծրագրի վրա եւ այն առաքելության վրա, որ մեր քաղաքական թիմը պետք է ներկայացնի, ես չեմ կարծում, որ դրանից կարելի է նման ծայրահեղ եզրակացություններ անել: Մենք ցանկացած բռնություններն անընդունելի ենք համարում, բայց ասել, որ ընդամենը մեկ օր անց նախագահի ելույթից նման միջադեպ տեղի ունեցավ եւ դրանո՞վ եք դուք ուզում դեպի ապահով Հայաստան ճանապարհ անցնել՝ բնականաբար՝ ոչ: Մենք ոչ միայն դատապարտում ենք, անընդունելի ենք համարում, այլեւ պիտի բացառենք, որ նման միջադեպեր այլեւս չլինեն»:

Նա վստահեցրեց, որ Մհեր Սեդրակյանը հրապարակավ ներողություն է խնդրել: Երբ լրագրողները հակադարձեցին, որ չի խնդրել, միայն ափսոսանք է հայտնել՝ նա պատասխանեց. «Ուրեմն ափսոսանք հայտնել, ներողություն խնդրել….գիտեք, յուրաքանչյուր անձ ինքն է իր գործողությունների պատասխանատուն եւ ինքն է որոշում, թե ինչպես պիտի արձագանքել: Մհեր Սեդրակյանն ինքը որոշել է, թե ինչպես պետք է արձագանքի: Համենայնդեպս, ՀՀԿ տարբեր գործիչների կողմից եղել են հայտարարություններ, որով արձանագրվում է, որ տեղի ունեցածը միանգամայն անընդունելի վարքագիծ է: Կարծում եմ, կլինի համապատասխան ընթացք գործին եւ դուք դրա մասին ժամանակի ընթացքում իրազեկված կլինեք»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ սա բացառիկ դեպք չէ, ինչպես նշեցիք եւ միայն այս միջադեպը չէ, եղել են հայհոյանքներ լրագրողներին, լրագրողին նույն օրերին «պրաստիտուկա» են անվանում՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ պետք չի դա վերագրել ՀՀԿ-ին եւ կապել ՀՀԿ համագումարի հետ. «Որեւէ մեկը երաշխավորված չէ կամ քաղաքական թիմը չի կարող իր բոլոր անդամների վարքագիծը կանխորոշել: Առանձին դեպքերում կարող են լինել նաեւ նման դրսեւորումներ, որի կապակցությամբ թիմը իր խոսնակի միջոցով տարածում է համապատասխան հայտարարություն: Ես չեմ կարծում, որ մեր երկրում ստեղծված է մի իրավիճակ, որն առաջ է բերում նման մտահոգություններ: Գույները խտացվում են՝ տարբեր հայտնի մարդկանց անուններ նշելով՝ փորձել ցույց տալ, որ լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է նկատվում: Եկեք ընդունենք, որ լրագրողների կողմից է այնպիսի իրավիճակ ստեղծվում, առանձին դեպքերում նաեւ սադրանքի բնույթ կրող, որի պատճառով նաեւ առանձին քաղաքական գործիչներ չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել եւ ճիշտ արձագանքել»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, ըստ Ձեզ, Մհեր Արշակյանը սադրե՞լ է Մհեր Սեդրակյանին, դրա համար չի՞ կողմնորոշվել ինչպես պատասխանել՝ նա պատասխանեց. «Ես ականատես չեմ եղել այդ իրադարձությանը եւ չեմ կարող հաստատուն որեւէ պնդում անել: Կոնկրետ այդ միջադեպի հետ կապված հետագա ընթացքը ցույց կտա, թե ով ինչպիսի մասնակցություն է ունեցել: Եթե լինի համապատասխան դիմում՝ պատկան մարմինները քննության կառնեն եւ պատասխան կտան»:

Քանի որ Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ն չի կարող երաշխավորել իր թիմակիցների վարքագիծը, Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը Էրեբունի համայնքում ժողովրդին երաշխավորում, վստահեցնում, որ տվեք ձեր ձայնը այս մարդուն, դա երաշխավորել չէ՞ր, սա չի՞ նշանակում, որ Սերժ Սարգսյանը պատասխանատվություն է կրում Մհեր Սեդրակյանի վարքի համար, չէ՞ որ նա է խնդրել ժողովրդին, որ ձայն տան, ժողովուրդն էլ վստահելով նախագահի խոսքին, մանդատ է տվել: Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ձեր եզրահանգումը չի կարող ճշմարիտ համարվել, որովհետեւ քաղաքական թիմում կարող են լինել նաեւ այս կամ այն առանձին անձինք, որոնք այս կամ այն ժամանակահատվածում օրենքի հետ խնդիրներ ունենան: Դա պետք չի վերագրել ամբողջ քաղաքական թիմին եւ թիմի ղեկավարին: Ինչ վերաբերում է ընտրությունների ժամանակ աջակցությանը, բնական է, որ թիմի ղեկավարը կոչ է արել քվեարկել այդ անձի օգտին, ինչպես եղել է տարբեր ընտրատարածքներում»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ նման միջադեպ չէր լինի, եթե ԱԺ-ում լինեին բացառապես քաղաքական գործիչներ, այլ ոչ թե պատահական մարդիկ. «Շարմազանովի հետ, Կորյուն Նահապետյանի հետ, Աշոտյանի հետ նման դեպք չի կարող լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31