Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ անվանի հայագետ, պատմաբան Նիկողայոս Ադոնցի երկերի վեցհատորյակի շնորհանդեսը:
ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը նշեց, որ վեցհատորյակի հրատարակությունը պահանջել է ծանր եւ տքնաջան աշխատանք. «Ադոնցի բարձր արժեք ունեցող ուսումնասիրությունները գտնվել են տարբեր երկրների արխիվներում, համաշխարհային եւ տեղական մամուլի էջերում: Հատկապես կարեւոր է վերջին հատորը, որի հիմնական նյութը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Ցեղասպանության մասին նյութերը մեծ նշանակություն եւ կարեւորություն ունեն հայ ժողովրդի պատմության հարցերում»:
Ստեփանյանը հայտնեց, որ Լիբանան կատարած այցի ժամանակ գտնվել է տեղի դպրոցներից մեկում, որի արխիվում պահվել են Ադոնցի ձեռագրերը: «Դրանք պետք էր պատճենահանել եւ բերել Հայաստան: Այդ պրոցեսից ծանր տպավորություններ ստացա, որովհետեւ այս տեխնիկայի դարում ինձ տվեցին ձեռագրեր, որոնք մաշվածությունից փշրվում էին…Այնքան վատ զգացի ինձ: Խնդրեցի դրանք պատճենահանել եւ այցելուներին պատճենը ցուցադրել»:
Ստեփանյանը նաեւ ասաց, որ առաջիկայում հավանաբար լույս կտեսնի Ադոնցի յոթերորդ` հեղինակի նամակներն ամբողջացնող հատորը:
Կարդացեք նաև
Վեցհատորյակը տպագրության է պատրաստել պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը: Նա նշեց, որ մահվանից մի քանի ամիս առաջ Ադոնցն իր դասընկերոջը` ճեմարանական Գարեգին Հովսեփյանին ուղղված նամակում գրել է, որ իր կյանքն ավարտին է մոտենում. «Ադոնցն ասել է, որ նրա երեք իղձերն այդպես էլ չիրականացան` տեսնել Հայաստանն ազատ եւ անկախ, դասավանդել հայ ուսանողներին եւ ի մի բերել իր երկերը: Այսօր կարելի է ասել, որ Ադոնցի իղձերն իրականացել են. Հայաստանն ազատ է եւ անկախ, նրա երկերը հրատարակվել են, իսկ հայ ուսանողներին դասավանդելու չիրականացված երազանքը ինչ- որ տեղ լրացվում է այն փաստով, որ նրա գրքերն օգտագործում են նաեւ ուսանողները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ