Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը սպասել է, որ իրեն պիտի շնորհավորեին

Դեկտեմբեր 27,2012 15:53

Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը կազմակերպել էր հերթական բանավեճը՝ նախագահական ընտրությունների թեմայով, որին մասնակցում էին ՀՀԿ եւ «Ժառանգության» ներկայացուցիչները:

ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, որ կան բոլոր պայմանները, կա քաղաքական կամք՝ ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու: Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ կա ընտրացուցակների խնդիր:

Հարցին՝ ընդդիմության այս բոյկոտային տրամադրությունները ինչպե՞ս կազդեն նախագահի լեգիտիմության վրա՝ Կորյուն Նահապետյանը այսպես բացատրեց. «Ընդդիմությունը չի մասնակցում, որովհետեւ իրատեսորեն գնահատում է իր հնարավորությունները՝ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո: Յուրաքանչյուր քաղաքական ուժ գնահատում է իր շանսերը՝ ինչպիսի արդյունք կարող է ակնկալել, ինչպիսի ներուժ ունի իր քաղաքական ուժը: Գնահատում են նաեւ ՀՀ գործող նախագահի հնարավորությունները: Հիմնական պատճառը սա է, որ գնահատելով այս իրողությունները, չեն ուզում առաջադրվել: Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, դա անմիջականորեն կապված է ընտրությունների գործընթացի հետ: Այնուամենայնիվ, կգտվեն մարդիկ, քաղաքական ուժեր, որոնք կասկածի տակ կդնեն ընտրությունների արդյունքները: Չի ձեւավորվել դեռ այնպիսի միջավայր, որ մենք կարողանանք շնորհավորել մեկս մյուսին տարած հաղթանակի համար»:

Aravot.am-ը ՀՀԿ պատգամավորից հետաքրքրվեց՝ այսինքն Սերժ Սարգսյանը սպասում էր, որ իրեն բոլոր պարտված քաղաքական ուժերը պետք է շնորհավորեին եւ չի՞ եղել դա, հիասթափությո՞ւն է ապրել քաղաքական մյուս ուժերի կուլտուրայից՝ նա պատասխանեց. «Ես ընդհանուր առմամբ քաղաքական մշակույթի մասին էի խոսում: Ունենանք այդ քաջությունը՝ շնորհավորել հաղթող քաղաքական ուժի ներկայացուցչին»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝շնորհավորում են այն ժամանակ, երբ արդար է լինում. «Սպորտում էլ է այդպես: Բոքսում, իրար թեւ են ջարդում, ծեծում են, բայց եթե զգում են, որ արդար մրցապայքար էր՝ շնորհավորում են, իրար ձեռք են սեղմում»:

Ինչ վերաբերում է ընտրացուցակները հրապարակելուն, որի մասին նշել էր Արմեն Մարտիրոսյանը, ըստ Կորյուն Նահապետյանի, դա ընտրակեղծիքների կանխարգելման միակ միջոցը չէ:

Մենք Կորյուն Նահապետյանին խնդրեցինք նաեւ մեկնաբանել ՀՅԴ-ի նշած այն պատճառը՝ ընտրություններին չմասնակցելու, որ իրենք չեն ուզում իրենց ընտրողներին փչացնեն, որովհետեւ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրողները փչանում են, սովորում են այն մեթոդներին՝ ընտրակաշառքին, որը կիրառում է իշխանությունը: ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Մենք թերագնահատում ենք մեր ընտրողներին: Եթե անգամ իրենց համակրած քաղաքական ուժը չի մասնակցում, դա դեռ չի նշանակում, որ իրենք չունեն կողմնորոշում: Չի կարելի նման վիրավորական արտահայտություն անել ընտրողների հասցեին»:

Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ իշխանության մեղքերը շատ են, թողնենք իրենց մեղքերի հետ, բայց այն, որ ընդդիմությունը այսպես է մասնակցելու ընտրություններին, ընդդիմության մեղքն է, որովհետեւ փոխանակ պայքարելու իշխանության դեմ, պայքարում էին ընդդիմության մյուս հատվածի դեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31