Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

5-րդ գումարման խորհրդարանի բացթողումները՝ ըստ Զարուհի Փոստանջյանի

Դեկտեմբեր 27,2012 15:33

 

Այսօր ամփոփելով խորհրդարանական տարին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսեց այն բացթողումներից ու թերացումներից, որոնք, ըստ նրա, տեղ են գտել 5-րդ գումարման խորհրդարանի աշխատանքներում: Տիկին Փոստանջյանի դիտարկումները հիմնականում վերաբերում էին արտաքին քաղաքական մասին, մասնավորաբար, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման առիթով ՀՀ ԱԺ ընդունած բանաձեւին: Հայտարարության մեջ տեղ գտած ձեւակերպումը՝ «…վերահաստատում է այն իրողությունը, որ ԼՂՀ-ն որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում», ըստ բանախոսի, շուրջ 20 տարի առաջ այդ մասին ասել էր ԼՂՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանը եւ այժմ բնավ կարիքը չկար, որ ՀՀ ԱԺ-ն իր հայտարարությամբ վավերացներ այդ իրողությունը: Փոստանջյանի կարծիքով՝ խորհրդարանը պետք է հայտարարություն ընդուներ՝ Արցախի հանրապետության ճանաչման մասին: Հաջորդ բացթողումը բանախոսը համարում է «Հավաքական անվտանգության անդամ կազմակերպությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը, որը հերթական անգամ փաստում է այն վտանգավոր իրողությունը, որ ՀՀ-ն հեռանում է իր ինքնիշխանությունից: Երրորդը՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների առկայությունն է ՀՀ ԱԺ-ի օրակարգում:

Ներքաղաքական հարցերի մասով ամենախայտառակ եւ աղաղակող փաստը, «Ժառանգության» պատգամավորի կարծիքով, ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրն էր՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: «Մեր գործընկերը զրկվեց անձեռնմխելիությունից եւ սա այն խայտառակ եւ արատավոր երեւույթն է, որի ականատեսն ենք մենք: Հինգերորդ գումարման խորհրդարանն  այս խայտառակությամբ ամրագրեց իր աշխատանքը»,- ասաց տիկին Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը լրագրողներին նաեւ բաժանել էր 1996 թվականի սեպտեմբերի 26-ին ԱԱԽ անդամների կեսգիշերյան հեռուստաելույթների եւ 2008 թվականի մարտի 1-ին կայացած Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի սղագրությունները՝ ի հավաստումն նրա, որ 1995 թվականից առ այսօր Հայաստանում ոչինչ չի փոխվել: «… կարծում են, հաջողություն կունենան, միանշանակ սխալվում են: Այս դեպքերից հետո, եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ոչ բանակը, ոչ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարները չեն ընդունելու եւ չեն ընդունել»,- այն ժամանակ Վազգեն Սարգսյանի հնչեցրած այս հանրահայտ միտքը, ըստ «Ժառանության» պատգամավորի,  այսօր էլ շարունակում է գերակա մնալ եւ շարունակվում է այն արատավոր գաղափարը, որ ընտրությունների միջոցով չենք կարողանալու ձեւավորել օրինական իշխանություն: «1996-ից սկսած՝ նախագահական ընտրություններում միշտ հաղթել է ընդդիմության ներկայացուցիչը, բայց փաստացի հաղթանակ չեն կարողացել ամրագրել»,- եզրափակեց տիկին Փոստանջյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31