Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը խոսեց այն ձեռքբերումներից, որոնք, ըստ խմբակցության գնահատականների, ունեցել է 5-րդ գումարման խորհրդարանը: Թեւան Պողոսյանը դրական որակեց հատկապես ընդդիմադիր դաշտի պատգամավորների՝ համախմբվելու եւ միասին աշխատելուն ուղղված քայլերը, ինչի շնորհիվ կարողացել են երեք հարց առաջ տանել: Նախ՝ ՀԱԿ-ի ներկայացրած ընտրական օրենսդրությունում փոփոխություններ կատարելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու համար կարողացան 44-ից ավելի ստորագրություն հավաքել այն պարագայում, երբ «Հարսնաքարի» դեպքերի ժամանակ դա չհաջողվեց: Երկրորդ՝ ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովի ձեւավորումից հետո իրական աշխատանքային մթնոլորտը, որը ձեւավորվել էր այդ հանձնաժողովում եւ այն մի քանի դեպքերը, որոնք կարողացան իսկապես որոշումներ կայացնել էթիկայի կանոնները խախտող պատգամավորների նկատմամբ: Նա նշեց նաեւ, որ վերջին արտահերթ նստաշրջանում ընդդիմադիր եւ այլընտրանքային պատգամավորների համատեղ ջանքերով հնարավոր եղավ 90 տոկոսից ավելի փոխել օրենսդրական փոփոխության այն նախագիծը, որը խորհրդարանական մեծամասնությունը ներկայացրել էր էթիկայի հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ: Թ. Պողոսյանի համոզմամբ, սա ցույց է տալիս, որ համախմբման դեպքում պատգամավորները կարող են այդ հանձնաժողովը ծառայեցնել իր բուն նպատակին:
Բանախոսը դրական որակեց նաեւ խորհրդարանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աշխատանքային մակարդակը, ինչի միջոցով հնարավոր է եղել սկայպ-կոնֆերանսով Երեւան-Ստոկհոլմ կապ հաստատել: Սա նախադեպ է, որը ըստ բանախոսի, հնարավորություն կտա հետագայում բազմաթիվ միջազգային կոնֆերանսների մասնակցություն ապահովել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ