ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀԿ վերջին համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մի քանի շեշտադրումների: «Սա Նոր Հայաստան է, եւ վերջ»,- Սերժ Սարգսյանի պնդմանը Զարուհի Փոստանջյանը պատասխանում է. «Նոր Հայաստանը կլինի ապագայում, մենք դրան հավատում ենք, դա մենք պետք է բերենք մեր ուժերով, մեր հասարակությամբ, մեր քաղաքացիներով եւ նոր սերնդով: Սերժ Սարգսյանին եւ նրա սերնդին մենք հարգում ենք Արցախի ազատագրման համար, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի արդյունավետ պետության հիմնադրում եւ ստեղծում նրանց չի հաջողվել: Նոր Հայաստան պետք է ստեղծի նոր սերունդը»: Փոստանջյանը չի կիսում նախագահի նկատառումը, որ «սա խոսքի ազատության եւ ժողովրդավարության Հայաստան է, եւ վերջ»: «ՀՀ-ում խոսքի ազատությունն ունի սահմանափակումներ եւ ազատության արտահայտողներն ու ձգտողները շատ հաճախ նաեւ իրենց քաղաքական հայացքների, արտահայտությունների համար հաճախ կարող են նաեւ պատժվել: Դրա ապացույցներին բոլորս ենք ականատես: Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարությունից, որովհետեւ չունենք ընտրությունների միջոցով ձեւավորված իշխանություններ»: Հայաստանը օրենքի գերակայության երկիր չէ, ըստ Փոստանջյանի, ինչպես նշում է Սերժ Սարգսյանը, քանի որ քաղաքական իրադարձություններում բանակը միշտ դերակատարում է ունեցել: Նա համաձայն չէ նաեւ այն համոզմանը, որ Հայաստանը տնտեսական ազատության եւ մրցակցության Հայաստան է, քանի որ այդ դեպքում փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները Հայաստանից այդքան դժգոհ չէին լինի: Վերջին արտահերթ նիստում խորհրդարանի ընդունած հարկային փաթեթը, Զ. Փոստանջյանի համոզմամբ, ուղղակի ապացույցն է, որ մեր երկրում տնտեսական ազատություններ չկան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ