«Տարեվերջին մարդ ուզում է հաշիվ տալ, թե տարվա ընթացքում ազգի համար ինչ է արել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Հուշարձանագետը ամփոփեց 2012թ. ընթացքում ՀՃՈՒ /հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող/ հիմնադրամի իրականացրած հիմնական աշխատանքները: Դրանք էին` հուշարձանների վկայագրում, գիտարշավներ, հրատարակություններ, ֆիլմեր, ցուցահանդեսներ, համակարգչային ծրագրեր, եռաչափ մոդելավորում եւ ընթացիկ աշխատանքներ:
Բանախոսը առանձնացրեց հրատարակչական ոլորտն ու ֆիլմերը, որոնք միմիայն մշակութաբանական ուղղվածության էին.
Կարդացեք նաև
«Լույս են ընծայվել «Անի-1050» մեծադիր հատորը, «Վարձք» հանդեսը, «Նախիջեւան. Քարտեզագիրք»-ը՝ հայերեն եւ անգլերեն տարբերակներով, «Տպարանները հայոց հայրենիքում» մեծադիր քարտեզը՝ նվիրված հայ տպագիր գրքի 500-ամյակին, նաեւ լույս է տեսել գալիք տարվա օրացույցը, որը նվիրված է պատմական Հայաստանի Արտազ գավառին, իսկ ֆիլմերից տարվա ընթացքում ստեղծվեցին վավերագրական 4 ֆիլմեր` «Անի», «Հովվի եկեղեցին», «Մի օր Կախեթում» եւ «Մոկս», որոնք նախորդիվ ստեղծված ֆիլմերի նման տեղադրվել են համացանցում»:
Սամվել Կարապետյանը նաեւ անդրադարձավ հարեւան երկրներում գտնվող հուշարձանների վիճակին: Ըստ նրա՝ Թուրքիայում հուշարձանների վերականգնողական աշխատանքները կառավարությունը առաջ է տանում, իսկ Վրաստանի տարածքում ոչ մի հայկական հուշարձան չի վերականգնվել եւ չի ավերվել:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ