Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Սեդրակյան. «Ռոբերտ Քոչարյանը իմ շնորհակալության կեսը կուղղի Գագիկ Ծառուկյանին»

Դեկտեմբեր 27,2012 14:21

 

Այսօր «Վարկած» ակումբում էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներին. «Բազմիցս նշել էի, որ նրանք չեն առաջադրվելու: Այսօր առանց գոռոզության իմ գոհունակությունն ու շնորհակալությունն եմ հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ իր կատարած իմաստուն քայլի համար, որ իր առաջադրվելով խոչընդոտ  չհանդիսացավ ինձ համար: Ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանին՝ չառաջադրվելու եւ արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար: Այսօր արդեն կարող եմ ասել, որ իմ ծրագիրը, որ իմ նախագահ դառնալուց հետո ՀՀ  երեք  նախկին նախագահները լինելու  են իմ խորհրդականները, հանգիստ կարող եմ ասել, որ արդեն երկու նախագահների հետ այդ հարցը լուծված է, ինչ մնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա վստահ եմ, որ նա քաղաքակիրթ ընտրական պայքարում կպարտվի եւ կդառնա իմ ավագ խորհրդականը»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ իսկ Գագիկ Ծառուկյանից ինչո՞ւ շնորհակալություն չեք հայտնում, Սեդրակյանը պատասխանեց. «Ծառուկյանից շնորհակալություն հայտնելու իմաստ չեմ տեսնում, որովհետեւ նախ Հայաստանում քաղաքականության մեջ ինձ  երեք մարդ է հետաքրքրում: Բացի այդ, եթե ասում եմ շնորհակալություն Ռոբերտ Քոչարյանին, դա նշանակում է, որ նա շնորհակալության մի մասը կուղղի Ծառուկյանին»:

Aravot.am-ի հարցին, ի՞նչ եք արել այն գումարը, որը չընդունեց Րաֆֆի Հովհաննիսյանը, հնարավո՞ր է այդ գումարով  բարեգործություն անեք, Սեդրակյանը ասաց. «Ոչ: Այդ գումարը ոչ մեկի չեմ նվիրի, առջեւում քարոզարշավ է: Եթե նույնիսկ բարեգործություն անեմ էլ, վստահեցնում եմ, այդ մասին ոչ մեկը չի իմանա: Գումարը երբեք ավելորդ չի լինում, միշտ էլ ծախսելու տեղ կա»:

Մեր հաջորդ հարցին էլ, թե էպոսագետ թեկնածուն իր գործունեության մասին ոչինչ չի ասում, եւ մի տեսակ մութ բան կա նրա  մեջ, Սեդրակյանը այսպես մեկնաբանեց.  «Իմ գործունեությունը, մութ ուժերի հետ կապը կարող են ուսումնասիրել ու պարզել համապատասխան կառույցները, ինչպես նաեւ իրենց համար անհասկանալի չպարզած գումարների հոսքը: Եթե այդ կառույցներն իրենց կարծիքը հայտնում են, ապա մնացածների խոսքը երկրորդական է»:

Մեր մյուս հարցին էլ՝ ի՞նչ կապ ունեք «Սասունցիդավթական» խմբի հետ, որի անդամ էր նաեւ Նաիրի Հունանյանը, Սեդրակյանը պատասխանեց. «Ես այդ խմբից տեղեկություն չունեմ: Այս հարցը, Նաիրի Հունանյանի հետ կապված, 1999 թվականին մի անգամ բարձրացվել  ու փակվել է: Համապատասխան կառույցները գիտեն, որ ես նրանց հետ կապ չունեմ: Հավատացնում եմ, որ որեւէ տեռորիստական  խմբավորման հետ կապ չունեմ, հակառակ դեպքում՝ իշխանությունները հիմար չեն… Պարզապես ամեն ինչ սկսվել է նրանից, որ Նաիրի Հունանյանը ցուցմունքներ տալուց ասել էր, որ տեսել է իմ հաղորդաշարը եւ այլն: Բայց ես ինչ անեմ, որ մարդիկ նայելով իմ հաղորդաշարը, ինչ- որ բաներ են անում: Ես ընդամենը ներկայացնում եմ էպոսը, ոչ մի կապ չունեմ Հունանյանի հետ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31