«2013թ.-ը ջրային օձի տարին է, հետեւաբար ակտուալ են կապույտ եւ կանաչ գույները, արդիական են նաեւ գինու բոլոր երանգները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ատեքս» նորաձեւության կենտրոնի հագուստի դիզայներ Սեդա Մանուկյանը:
Նրա պնդմամբ` անհատն իր տեսքին համապատասխան հագուստ պետք է ընտրի, տարվա ընթացքում կտորներից նորաձեւ են համարվում ժանյակները. «Ամենակոպիտ սխալը ոչ հարմար հագուստ կրելն է: Հայաստանում, ցավոք, նորաձեւությունը 4 տարի հետ է: Այսօր բազմաթիվ հայ աղջիկներ առավոտյան հագնում են բարձրակրունկներ եւ վազում դասի: Յուրաքանչյուր ժամային հատվածում դու պետք է կրես այն հագուստը, ինչը քեզ հարմար է»:
«Մարինա Ֆեշն ստուդիոյի» տնօրեն, դիզայներ Մարինա Ավետիսյանի խոսքով` գունային առումով 2012 թվականը շատ վառ էր. «Շլացուցիչ փայլը արդիական կլինի ոչ միայն երեկոյան, այլեւ օրվա բոլոր ժամերին: 2013թ.-ի գույնը վառ կանաչ խոտի գույնն է, ինչպես նաեւ թավ կարմիրը, շագանակագույնը եւ վառ կապույտը»:
Նրա համոզմամբ՝ կինը պետք է էլեգանտ լինի, պահարանում ունենալով փոքրիկ սեւ հագուստ. «Հագուստի գույնը մարդու հոգեվիճակն է, ներքին աշխարհը: Նորաձեւ հագնվելու համար ճաշակ է պետք, եթե կինը ճաշակով է, ապա ամեն հարց լուծված է»:
Կարդացեք նաև
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ կարծում է, որ հայերը` որպես համամարդկային գունային ընտրությունների կրող, առանձնապես չեն տարբերվում մյուս ազգերից: Գույնը հոգեբանության մեջ շատ մեծ դեր ունի, կան հայտնի գունային թեստեր, որով ախտորոշվում է անձի հոգեվիճակը, սթրեսային վիճակը. «Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդկանց ըստ գույների են բաժանում` մասնավորապես երեխաներին: Տարբեր երեխաներ նախընտրում են տարբեր գույներ: Ագրեսիվ երեխաները կարմիր գույնն են սիրում, ինքնամփոփները սեւ կամ մոխրագույն»:
Բանախոսի պնդմամբ՝ մարդկանց երկու տիպ կա` մարդ, ով ձեւական հետեւում է նորաձեւությանը եւ մարդ, ով թքած ունի նորաձեւության վրա եւ հագնում է այն, ինչ ուզում է: Հագուստից ենք որոշում մարդու ճաշակն ու բնավորությունը, հագուստը մեր դեմքն է:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ