Երաժշտագետի ու հոգեւորականի մեկնաբանությունները
Հաճախ են հնչում բարի ցանկություններ, թե պետք է վերադառնալ արմատներին: Սակայն իրականում ոչ մի գործնական քայլ չի արվում կոնկրետ՝ Կաղանդի կամ Ամանորի ծիսակարգը ժողովրդին վերադարձնելու համար: Մասնագետները հավաստիացնում են, որ մենք ունեցել ենք Կաղանդին նվիրված հիանալի երգեր, որոնք գալով անհիշելի ժամանակներից, այսօր էլ շարունակում են մնալ միայն գիտական աշխատություններում եւ մասնագիտական գրականության մեջ: Կարծիքներ էլ կան, թե ժամանակի տարբերությունն այնքան մեծ է, որ ոչ մի կերպ հնարավոր չէ հին սովորույթները ներմուծել նոր կյանք:
«Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ-աշուղագետ Էլինար Շահենը հայտնեց, որ Ամանորը կամ Կաղանդը հայերը նշել են հունվարի 1-ին, իսկ հունվարի 6-ին՝ Քրիստոսի ծնունդը, ի տարբերություն ողջ աշխարհի: Արեւմտյան Հայաստանի գավառներից տարածված Կաղանդի երգերում կան նմուշներ, որոնք կապված են հեթանոսական շրջանի հետ: Էլինար Շահենի ասելով, Տրապիզոնի եւ Համշենի հայերը, որոնք գաղթել էին Սեւ ծովի ափեր, Նոր Նախիջեւան ու Նոր Արմավիր, Կաղանդի երգերը պահպանել են նույնիսկ 20-րդ դարում: «Մեր ժամանակներում այդ ծիսակարգի որոշ մասեր պահպանվել են, օրինակ՝ գաթայի մեջ ուլունք կամ դրամ դնելը: Եթե դրամը կամ ուլունքը բաժին էր ընկնում տղամարդուն, ապա նա կհարստանար, իսկ եթե աղջկան՝ կամուսնանար: Կամ՝ Կաղանդի սեղանին դրվում էր «կենաց ծառ»՝ զարդարված քաղցրավենիքներով, մրգերով: Պարտադիր էին ընկույզը, պնդուկը, տանձն ու խնձորը, նաեւ նուռը՝ որպես ընտանիքի բազմացման խորհրդանիշ: Այսօր էլ հատուկենտ ընտանիքներում դա պահպանվել է: Միակ ատրիբուտը, որ մեր օրերում լավ է պահպանվել, տնից տուն գնալ-շնորհավորելն է: Նոր տարին մինչեւ հունվարի 13-ը տոնելը կապված է նոր տոմարի հետ,- ասաց տիկին Էլինարը, հավելելով,- հարսանեկան արարողությունները հիմնական կատարվել են Կաղանդի օրերին, քանի որ ամռանն աշխատել են, աշնանը՝ բերք հավաքել, իսկ ձմռանն էլ վայելել ու հարսանիքներ արել: Եվ դա է պատճառը, որ երեխաները ծնվել են հիմնականում աշնանը՝ բերքահավաքի ժամանակ…»:
Ինչ վերաբերում է Քրիստոսի ծնունդը հունվարի 6-ին աշխարհում միայն Հայ առաքելական եկեղեցու կողմից նշելուն, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը փոխանցեց. «Հայ առաքելական սուրբ եկեղեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին՝ ի տարբերություն Կաթոլիկ եկեղեցու, որը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչեւ 4-րդ դարը, բոլոր քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Հեթանոսական ավանդույթները մոռացության տալու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում եւ գրեթե ողջ Արեւելքում Քրիստոսի ծննդյան օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց իբրեւ Տիրոջ աստվածահայտնության, մկրտության օր: Հնագույն ավանդության եւ ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ առաքելական սուրբ եկեղեցին՝ հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի ծննդյան եւ աստվածահայտնության տոները»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ