ԵրՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը՝ Ջրային հիմնահարցերի ինստիտուտի գրադարանում:
Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի գլխին ժամանակին «սեւ ամպեր» էին կուտակված, մինչեւ վերջերս այն ավերակ էր: Այսօր ինստիտուտը կենդանություն է ստացել, վերանորոգվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵրՃՇՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ջանքերով, եւ հիմա բուհի ուսանողների մի մասը այնտեղ ոչ միայն դասերն է անցկացնում, այլեւ մասնակցում գիտափորձերի: Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտն ունի լաբորատորիա, հարուստ գրադարան, որտեղ ընդհուպ 1800-ականների վերջի գրականություն է պահպանվում: ԵրՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ղեկավարած համալսարանը, հիրավի, հետազոտական բուհ է:
Երեկ ռեկտորի նախաձեռնությամբ Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտում կայացավ անվանի գիտնական Վաղարշակ Հովսեփյանի անունով լսարան կոչելու հանդիսավոր արարողություն եւ տեղադրվեց կիսանդրին, որը կերտել է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:
ԵրՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը փաստեց, որ այս տարին հոբելյանական էր իր ուսուցիչ, Հայաստանի հիդրավլիկայի դպրոցի հիմնադիր Վաղարշակ Հովսեփյանի համար, քանի որ լրացել է նրա 100 տարին: Ռեկտորը նշեց, որ արդեն 50 տարի հիդրոտեխնիկների բազմաթիվ սերունդներ են կրթվում Հովսեփյանի «Հիդրավլիկա» դասագրքով: Նաեւ հավելեց, որ դասագիրքը կունենա երրորդ հրատարակությունը, այն կթարմացվի Հովսեփյանի աշակերտների կողմից, բայց չի ունենա համահեղինակներ, ինչպես Վաչե Թոքմաջյանի դասագրքի վերահրատարակման պարագայում էր:
Կարդացեք նաև
Վաղարշակ Հովսեփյանի սաներից ԵրՃՇՀ հիդրավլիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Մարգարյանը, ուսուցչի մասին խոսելով, հիշեց, որ երբ նա քայլում էր ինստիտուտի միջանցքով, անգամ դասախոսներն էին ձգվում: «Նա փառքի չձգտեց, մեդալներ չունեցավ, հարստություն չդիզեց, ապրեց՝ ինչպես վայել է մաքուր, քաղաքացիական կեցվածք ունեցող մարդուն»,- ուսուցչին այսպես ներկայացրեց Մարգարյանը:
Վաղարշակ Հովսեփյանի մյուս սանը՝ ԵրՃՇՀ պրոռեկտոր Արիստակ Սարուխանյանը, որին Հովհաննես Թոքմաջյանը Ալբերտ Մարգարյանի նման համարում է պոլիտեխնիկի հիմնասյուներից մեկը, ուսուցչին բնորոշեց իբրեւ արդարամիտ եւ անկողմնակալ գիտնական: Միջոցառմանը ներկա էր նաեւ Հովսեփյանի որդին՝ ֆիզիկոս Աշոտ Հովսեփյանը: Նա իրեն համարում է պոլիտեխնիկի զավակ, քանի որ Տերյան փողոցի այն շենքում, որտեղ ինքն է բնակվում, ապրել են պոլիտեխնիկցի անվանի դասախոսներ: Աշոտ Հովսեփյանը մեծարման միջոցառումները որակեց դաստիարակչական ու կարեւոր. «Դրանք փոխում են մարդուն, ինքս դասախոս եմ, եւ այս միջոցառումից հետո արդեն փոխված եմ մտնելու լսարան»:
Երեկ կայացավ նաեւ Վլադիմիր Մովսիսյանի՝ ԵրՃՇՀ գիտխորհրդի որոշմամբ տպագրված «Հայաստանի Հանրապետության ջրային պաշարների հիմունքները» գրքի շնորհանդեսը, հեղինակը մակագրությամբ այն բաժանեց ներկաներին:
Ավելի վաղ Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի լաբորատորիայում փորձարկվեց այնտեղ պատրաստված բնօրինակ փական, որը պիտի տեղադրվի ջրհեռ կառուցվածքների շուրթերին եւ դրանով պիտի ավելացվեն ջրի կուտակման հնարավորությունները: Նախագիծն իրականացվել է Պոլիտեխնիկի եւ Գիտպետկոմի միջոցներով: Փականի հնարավորությունները բացատրեց Ալբերտ Մարգարյանը:
Նա, ի թիվս այլ փորձասարքերի, ներկայացրեց նաեւ մեկը, որը բենզալցակայաններում տեղադրելու դեպքում, հնարավորություն կտա բենզինը վաճառել ոչ թե լիտրերով, այլ կիլոգրամներով: Գիտնականն ասում է, որ լիտրերով բենզին գնելիս վարորդները տուժում են. շոգ եղանակին բենզինն ընդարձակվում է:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ