Երեկ «Առավոտը» ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին սատարած ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի առաջնորդ Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով նորընտիր քաղաքապետի օրոք ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Գյումրիում, կա՞ արդյոք դրական տեղաշարժ բարոյահոգեբանական մթնոլորտում, որի մասին ակնարկում էր երկրի նախագահը, կարելի՞ է Գյումրին այսուհետ անվանել ոչ կրիմինալ քաղաք: «Եթե փոփոխություններ ուզում ենք, ուրեմն փոփոխությունների գնալու ենք բոլորովս՝ յուրաքանչյուրս մեր տեղում, մեր արածով, մեր ներդրումով. սա առաջին եւ կարեւոր պայմանն է, ու կարծում եմ՝ դրան մենք գնում ենք: Եվ երկրորդ՝ գնահատական տալու համար, այսպես ակնառու որեւէ բան գնահատելու կամ համեմատականներ տանելու համար ժամանակն արդյոք կարճ չէ՞, խիստ կարճ է, քաղաքապետը դեռ նոր է ձեւավորել իր թիմը, առաջին քայլերն է անում»,- այսպիսի պատասխան տվեց ՀՀԿ պատասխանատուն:
Մինչդեռ գյումրեցի լրագրողների կարծիքով՝ մի մեծ դրական տեղաշարժ է կատարվել Գյումրիում. եթե Վարդան Ղուկասյանի ղեկավարած կառույցում հատուկենտ լրագրողների ելումուտն էր ազատ, ապա այժմ անխտիր բոլոր իրադարձություններին հրավիրում են մարզի բոլոր լրատվամիջոցներին: Նույնիսկ «Ֆեյսբուք» սոցցանցում, ցույց տալով Սամվել Բալասանյանի առանձնասենյակը, կին լրագրողներից մեկը կատակել էր. «Այս սենյակը վերջերս մեզ համար դարձել է հերանց տուն»:
Նշենք, որ այս խոսքերի հեղինակը Գյումրու ամենակոլորիտով քաղաքապետն է՝ Վարդան Ղուկասյանը, որն ամեն վայրկյան շեշտում էր, թե քաղաքապետարանի շենքը իսկական «հերանց տուն» է դարձրել գյումրեցիների համար, այսինքն՝ ով ինչ բողոք ունի, գալիս ու ռիսկով իրեն է ներկայացնում: Փաստորեն, Վարդան Ղուկասյանի այս խոսքերը լրագրողների պահով իրականություն դարձրեց Սամվել Բալասանյանը, որի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի՝ լրագրողների հետ տարվող քաղաքակիրթ աշխատաոճին, վստահ ենք, կնախանձեին շատ ու շատ գերատեսչությունների ղեկավարներ:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ