«Հակակոռուպցիոն գործունեությունը ՀՊՃՀ-ում իրականացվում է կոռուպցիոն ռիսկերը ծնող պատճառները բացահայտելու եւ դրանք ի չիք անելու ուղղությամբ: Մասնավորապես, աշխատել ենք սոցիալական իրավիճակի բարելավման, ընդհանուր քննարկումներ կազմակերպելու եւ թափանցիկություն ապահովելու ուղղությամբ, բայց հաշվի առնենք, որ ինչ-ինչ դեպքեր կարող են պարզապես թաքցվել: Այս տարի բուհին ոչ սազական եւ ոչ պատվաբեր վարույթներ իրականացնելու համար հեռացվել են մի քանի աշխատակիցներ»,-այսօր` ՀՊՃՀ-ում տեղի ունեցած տարեկան հաշվետու ասուլիսի ընթացքում ասաց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը:
Նա նշեց, որ այս տարվա ընթացքում բուհում բարձրացվել է վարչակառավարչական (միջինը 28 տոկոս), սպասարկող (միջինը 25 տոկոս) եւ ուսումնաօժանդակ (միջինը 17 տոկոս) անձնակազմերի աշխատավարձերը. «Համալսարանի ուսումնական պլանները, ամբիոնների միջին տարեկան ծանրաբեռնվածությունը վերանայվել են, եւ արդյունքում դասընթացի ապահովման համար նախատեսված աշխատավարձային ֆոնդն ավելացել է 13.4 տոկոսով»:
Լրագրողի հարցին, թե` ի՞նչ կարծիք ունի ռեկտորը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գործունեության վերաբերյալ, Ավետիսյանը պատասխանեց. «No comment…Ես եղել եմ նախարարության թիմից եւ շարունակում եմ լինել, քանի որ յուրաքանչյուր բուհի ղեկավար կազմ չի կարող իրեն զատել այդ մեխանիզմից»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ