Լրահոս
Օրվա լրահոսը

83-ամյա կնոջ կյանքը նախկին ոստիկանը դժոխքի է վերածել

Դեկտեմբեր 27,2012 13:36

«Հարգելի ոստիկանապետ, ես հայտնվել եմ մի այնպիսի իրավիճակում, որն ինձ տանում է դեպի մահ: Ես իմ միամիտ ու անկեղծ բնավորության պատճառով կորցրել եմ ողջ ունեցվածքս ու առողջությունս: Նաեւ Ձեզ դիմում եմ՝ ասելով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում». սա նամակի մի հատված է՝ գրված ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Նամակի հեղինակը Արզումանյան 10 շենքի բնակիչ, 83-ամյա Գոհար Ամիրխանովան է: 2011-ից մինչ օրս տիկին Գոհարի ունեցվածքը չի վերադարձվել, իսկ առողջությունը չի վերականգնվել: Ընդհակառակը՝ սեփական կյանքին սպառնացող վտանգն ավելի է մեծացել: Երբ նրա ահազանգով այցելեցինք տիկնոջը, մի քանի անգամ հարցուփորձ անելուց հետո միայն ներս թողեց: Արժանապատիվ ծերություն վայելելու փոխարեն՝ 83-ամյա կինը վախի մթնոլորտում է ապրում. «Գրել եմ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ոստիկանապետին, ազգային անվտանգություն, խնդիրս մանրամասն ներկայացրել եմ: Ոչ մի տեղից պատասխան չկա: Եթե պատասխանում էլ են, գրում են, որ իմ գործը ուղարկել են դատախազություն, բայց էնտեղից էլ պատասխան չկա»,- մեզ հետ զրույցում պատմեց տիկին Գոհարը:

Նրա դժբախտությունները սկսվել են 2006թ.-ից, երբ մահացել է նրա քույրը: «Քրոջս մահից հետո ես իր տան միակ ժառանգորդն էի, բայց փաստաթղթերի հետ կապված խնդիրներ առաջացան, ու ինձ ինչ-որ մեկը պետք էր, որը հասկանում էր էդ գործից: Ու հենց էդ ժամանակ քրոջս հարեւանի խորհրդով ծանոթացա Սերգո Ամիրխանյանի հետ: Սերգոն մահացած քրոջս հարեւանի եղբայրն էր: Սերգոն փաստաթղթերը կարգավորեց, ու քանի որ ես հիվանդ էի, ոտքս պիտի վիրահատեին, ես խնդրեցի Սերգոյին, որ քրոջս տունը ծախի, որ էդ փողով կարողանամ բուժվել»,- պատմում է նա:

Տիկին Գոհարը 2-րդ կարգի հաշմանդամ է, բայց 2009-ից առ այսօր նպաստ չի ստանում՝ գրանցում չունենալու պատճառով: Նրա պատմելով՝ Ս. Ամիրխանյանը տունը $25 հազարով վաճառում է եւ ողջ գումարը հանձնում տիկին Գոհարին: «Մինչեւ տունը վաճառելը՝ Սերգոն արդեն ձեռք էր բերել իմ վստահությունը: Երբ փողը բերեց տվեց, ասաց, որ $6000 տամ իրեն, ինչ-որ պարտքեր ունի: Դե, ես էլ մտածեցի, որ բարի, ազնիվ մարդ ա, ինձ օգնել ա, ես էլ իրան օգնեմ: Տվեցի: Որոշ ժամանակ անց եկավ ու էլի ուզեց՝ էս անգամ ասաց, որ ինչ-որ մեքենայի ա խփել, էլի տվեցի»,- պատմեց կինը: Ս. Ամիրխանյանն ամեն անգամ տիկին Գոհարից փող վերցնելիս խոստացել է, որ 2 ամսից ամբողջը կվերադարձնի. «Ու էդ ամբողջ ընթացքում Սերգոն օգտվում էր իմ անօգնական վիճակից: Քույրս նոր էր մահացել, ոտքս սենց հիվանդ: Մի օր էլ եկավ, թե արի քո Վրացական փողոցի տունը ծախենք, ես էդ փողը գործի մեջ դնեմ, քեզ կրկնակի հետ կտամ: Էլի համաձայնեցի: Էն ժամանակ ախր տարօրինակ ձեւով հավատում էի նրան: Էդ տունն էլ ծախեց $45 հազարով ու ինձ ոչ մի կոպեկ փող չտվեց: Խոստացավ, որ ինձ համար մի ուրիշ բնակարան կգնի»: Ս. Ամիրխանյանը խոստացված բնակարանը չի գնում: Փոխարենը՝ 2010-ին տիկին Գոհարին տանում է Արեւշատ գյուղի կիսաքանդ տներից մեկն ու ասում, որ տվյալ տանը ժամանակավոր ապրելուց հետո նրա համար տուն կգնի. «Մի տարի ապրեցի էդ գյուղում, էդ կիսաքնադ տանը: Ոչ գազ կար, ոչ լույս, ոչ լողանում էի, ոնց որ իսկական բոմժ լինեի: Պատկերացնո՞ւմ եք, ես երեք տարի ա՝ չեմ լողանում: Ո՞ւմ բողոքեի: Դիմել եմ ոստիկանությանը, բայց ոչ մի օգնություն: Սերգոն նախկին ոստիկան ա, համակարգում աշխատել ա, շատերին գիտի, դրա համար էլ նենց էր անում, որ ինձ ոչ ոք չօգնի: Տեսավ, որ շատ եմ հարցնում, սկսեց ինձ վախեցնել: Ինձնից վերցրած փողերով Opel Astra մակնիշի մեքենա գնեց, 1140 քմ-անոց խնձորի այգիներ, ընթացքում համոզեց, որ ոսկեղենս տամ իրեն, որ լոմբարդ դնի: Մի խոսքով՝ ես ինձ կորցրել էի, իրա ստրուկն էի արդեն: Իմ փողերով իր մոր գերեզմանը սարքեց, ու մի անգամ, երբ ես ու ինքը գնացել էինք մոր գերեզման, ծիծաղելով ասաց՝ շատ մի մտածի փողի համար, վերջում մորս կողքին ես հայտնվելու»:

Տիկնոջ հետ զրույցի ընթացքում նաեւ պարզ դարձավ, որ Արզումանյան փողոցի 1 սենյականոց բնակարանը, որտեղ այժմ ապրում է տիկին Գոհարը, նույնպես արդեն իրեն չի պատկանում. «Էս տունն էլ իմը չի, հեսա նայեք էս դատական վճիռը: Փաստորեն Սերգոն հասցրել ա էս էլ ծախի: Պարզվում ա, որ ես ոչ մի տուն էլ չունեմ: Մինչեւ դեկտեմբերի 17-ը պիտի ազատեմ էս տունը, որտե՞ղ պիտի ապրեմ»,- անօգնական ինքն իրեն հարց է տալիս տարեց կինը:

ԱՇՈՏ ԱԹԱՅԱՆ

Հ. Գ. «Առավոտը» հեռախոսով կապվեց նաեւ Սերգո Ամիրխանյանի հետ, որը խոստանալով հաջորդ օրը պատասխանել մեր հարցերին՝ այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31