Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից չի հեռանում

Դեկտեմբեր 27,2012 13:24

ՀԱԿ պատգամավորը՝ ՀՅԴ պատգամավորներին. «Մենք մեզ երբեւէ թույլ չենք տվել, չէ՞, ենթադրություններ անել՝ ՀՅԴ-ն միանձնյա՞, թե՞ թիմային որոշումներ է կայացրել»:

Երեկ քաղխորհրդի նիստում ՀԱԿ-ը քննարկում էր նախագահական ընտրություններին իր մասնակցության ձեւերը: Վերջնական եզրակացության չեն հանգել, քննարկումները դեռ կշարունակվեն: Բայց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց. «ՀԱԿ-ում մնացած բոլոր ուժերը միանշանակ կանգնած են Կոնգրեսի հիմքերում, եւ ՀԱԿ-ը միշտ կլինի կենսունակ, թեեւ իրավիճակ է փոխվել»: Դիտարկմանը, որ ՀԱԿ անդամ եւս մեկ՝ Միքայել Հայրապետյանի ղեկավարած Պահպանողական կուսակցությունը լքեց ՀԱԿ-ը, տիկին Սարգսյանը հակադարձեց. «Այդ կուսակցությունն իրականում անդամագրված էր ՀԱԿ-ին, բայց ինքներդ էլ գիտեք, որ վաղուց ՀԱԿ-ում ոչ մի գործունեություն չէր ծավալում: Հետեւաբար՝ կորուստը մեծ չէ: Հրանտ Բագրատյանի մասով իմ կարծիքն արդեն հայտնել եմ. ցավում եմ, որ մինչեւ նախագահի որոշումը նա այդպիսի որոշում կայացրեց»: Բայց կա այն, ինչ որ կա: Մեր զրուցակցի հավաստմամբ. «Շատ վճռական ենք տրամադրված: ՀԱԿ-ը պետք է թարմացվի նոր մտքերով, նոր գաղափարներով հանդես գա: Գիտակցելով, թե ինչ մեծ դերակատարում ունի ՀԱԿ-ը հայ քաղաքական կյանքում, մենք ամեն ինչ կանենք, որ ՀԱԿ-ը ուժեղանա, հզորանա եւ իր դերակատարությունը ոչ միայն պահպանի, այլեւ ավելի ընդգծված լինի: Ես այդ վճռականությունը տեսա քաղխորհրդի անդամ բոլոր կուսակցությունների մոտ եւ ավելի քան վստահ եմ, որ այդ ամենը մենք ի կատար ենք ածելու: Եթե չկա ՀԱԿ, ուրեմն մեր քաղաքական դաշտն ու միտքը շատ ավելի աղքատ են լինելու»: Ավելին, ըստ տիկին Սարգսյանի՝ այն, որ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու մասին, դա բնավ էլ չի նշանակում, որ նա այսուհետ ՀԱԿ-ի լիդերը չի լինելու, եւ չի նշանակում, որ դուրս է գալիս մեծ քաղաքականությունից. «Ավելի քան վստահ եմ, որ նրա ներկայությունն ամեն օր տեսանելի է լինելու, որովհետեւ պատասխանատվության այն չափաբաժինը, որն ունի Տեր-Պետրոսյանը մեր երկրի, մեր ժողովրդի նկատմամբ, նրան երբեք չի լքի»:

Մի քաղաքական միավորում, որը ընդամենը հինգ տարի առաջ կոնսոլիդացրել էր քաղաքական ու հասարակական դաշտի մի ստվար հատված, այսօր՝ նախագահական ընտրությունների շեմին, դեռ չի կարողանում հստակեցնել իր հետագա անելիքները. իր պատկերացմամբ՝ ի՞նչ դերակատարում պետք է ստանձնեն ՀԱԿ-ն ու առաջին նախագահը հետագա քաղաքական զարգացումներում՝ մեր հարցին տիկին Սարգսյանն ասաց, որ դեռ վաղաժամ է այդ մասին բարձրաձայն խոսելը, քանի որ ծրագրերը դեռ մշակվում եւ քննարկվում են: «Նախագահական ընտրություններին մեր չմասնակցելը պայմանավորված է զուտ նրանով, որ այսօր ռեալ մեխանիզմներ չկան իրականում այդ մասնակցության արդյունքում հաղթանակ գրանցելու: Պատճառը ոչ թե համակիրների պակասն է, այլ Ընտրական օրենսգիրքն այնպես է խեղաթյուրված, եւ վարչական, ֆինանսական, քրեաօլիգարխիկ լծակները, որոնք իշխանության ձեռքում են, այս պահին անհնարին են դարձնում յուրաքանչյուր լրջագույն ուժի մասնակցությունն ընտրություններում: Ինչպես տեսաք՝ եւ ԲՀԿ-ն, եւ ՀԱԿ-ը, եւ ՀՅԴ-ն հրաժարվեցին նախագահական ընտրություններին մասնակցությունից: Փաստորեն՝ իրենց մեծությամբ ԱԺ երկրորդ, երրորդ եւ չորրորդ խմբակցությունները հրաժարվեցին»,- արձանագրում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե իշխանությունը տրամադրված լիներ իրապես արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու, ապա ՀԱԿ-ի նախաձեռնած Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որին միացան ոչ կոալիցիոն ուժերը, չէր վիժեցնի: «Հերթական անգամ համոզվեցինք, որ իշխանությունը պատրաստ չէ արդար ընտրությունների, ուստի մնում է Սերժ Սարգսյանին հաջողություն մաղթել իր միայնակ գործունեության մեջ՝ ոչ մրցակցային նախագահական ընտրություններում»,- ասում է Լ. Սարգսյանը՝ կանխատեսելով, որ «բավականին պասիվ» նախագահական ընտրություններ են սպասվում, որը իշխանությունը չփորձի կոմպենսացնել մարդկանց տեղից տեղ տեղափոխելով եւ քվեարկությունն ապահովելով: Այս ամենում, ըստ նրա, «տուժեց» մեր ժողովուրդը, որը հերթական ընտրություններում ակնկալիք ընտրակաշառքը միգուցե չստանա:

Նկատեցինք, որ իր որոշման հիմնավորումներում ՀԱԿ առաջնորդը չէր անդրադարձել այլ պատճառների, շեշտադրել էր տարիքային ցենզը: Տիկին Սարգսյանն ասաց՝ եթե նախագահը նման շեշտադրում արել է, հավանաբար դրա հիմքերն ունեցել է:

Այն, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր եւ իր մեծությամբ երկրորդ՝ իրեն այլընտրանք հռչակած ուժը հրաժարվում են նախագահական ընտրությունների նման կարեւոր իրադարձությանը որեւէ կերպ մասնակցելուց, արդյոք չի՞ ենթադրում ստվերային պայմանավորվածությունների առկայություն՝ մեր դիտարկմանը ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Ես կարող եմ մեր մասով ասել, որ որեւէ պայմանավորվածություն չէր կարող լինել: Տրամաբանական չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող էր որեւէ մեկի հետ պայմանավորվել՝ չառաջադրվելու մասով: Այլ ուժերի պարագայում ոչինչ չեմ բացառում: ՀԱԿ-ը երբեք նման պայմանավորվածությունների մեջ չի մտնում, հատկապես իշխանությունների հետ, մանավանդ, որ մենք ունեինք մրցունակ թեկնածու, ով իրոք կարող էր ձեռնոց նետել վարչախմբին, եթե երկրում լիներ համապատասխան իրավիճակ, ժողովուրդն էլ այդ բարոյահոգեբանական ծանր վիճակից դուրս եկած լիներ եւ մինչեւ վերջ պայքարելու պատրաստ լիներ: Նախադրյալները չկային, հետեւաբար ակնհայտ էր, որ վարչախումբը պետք է ապահովի Սարգսյանի վերարտադրությունը: Նման ֆարսի մասնակցելու իրավունք լրջագույն քաղաքական ուժը չունի»: Այս իրավիճակը տիկին Սարգսյանը գործող նախագահի համար գնահատում է մի կողմից՝ «շատ լավ»՝ «վերընտրվելու» փայլուն շանս, բայց մյուս կողմից՝ կարծում է, որ նա բավականին բարդ իրավիճակում է, քանի որ չունի լուրջ մրցակից. «Այն, որ ընտրական մեխանիզմները ոչնչացված են՝ տեսանելի է լինելու նաեւ միջազգային հանրությանը, եւ Սարգսյանի դիրքերը թուլանալու են»:

Երեկ ՀՅԴ ներկայացուցիչները «միանձնյա» էին որակել ՀԱԿ առաջնորդի որոշումը եւ դա «նորմալ» չէին համարել: Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ՀԱԿ-ում իրենց որոշումները կայացնելիս չեն առաջնորդվում այն մտայնությամբ, թե դրանք ՀՅԴ-ին դուր կգա՞ն, թե՞ ոչ: «Առաջադրվելու որոշում կայացնելը նախեւառաջ Տեր-Պետրոսյանի իրավունքն էր, որովհետեւ ինքը պետք է մտներ այդ պայքարի մեջ: Ու դա նորմալ է: Այսինքն՝ ի՞նչ, եթե, օրինակ, Արմեն Ռուստամյանը որոշեր, որ չի ցանկանում մասնակցել նախագահական ընտրություններին, Բյուրոն նրան պիտի պարտադրե՞ր: Կարծում եմ՝ ոչ: Դա անհատական որոշում էր, որը կարող էր թիմին դուր գալ կամ ոչ: Այո, մենք ուզում էինք, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվեր, բայց մեզնից ոչ մեկն իրեն բարոյական իրավունք չի վերապահել դա Տեր-Պետրոսյանին պարտադրելու: Անկախ մեր ցանկություններից՝ վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ որոշում է կայացրել: Մենք մեզ երբեւէ թույլ չենք տվել, չէ՞, ենթադրություններ անել՝ ՀՅԴ-ն միանձնյա՞, թե՞ թիմային որոշումներ է կայացրել: Դա իրենց ներքին խնդիրն է, այնպես, ինչպես որ սա մեր ներքին խնդիրն է»: Տիկին Սարգսյանը համաձայն չէ, որ ՀԱԿ առաջնորդի որոշումը կարող է տարակուսանք առաջացնել «Մարտի 1»-ի զոհերի ծնողների մետ: Վստահ է, որ նրանք էլ ՀԱԿ առաջնորդին ճիշտ կհասկանան. «Սկզբում մենք բոլորս ծանր տարանք այդ որոշումը, բայց հետո հասկանալի էր, որ նա ամեն ինչ է հաշվարկել: Վստահ եմ, որ «Մարտի 1»-ի զոհերի ծնողներն էլ նրան ճիշտ կհասկանան եւ ըմբռնումով կվերաբերվեն այդ ամենին: «Մարտի 1»-ը միշտ կմնա ՀԱԿ-ի օրակարգում, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձենք բացահայտել այդ իրադարձությունները»: Լ. Սարգսյանը հույս ունի, որ նախագահական ընտրություններից հետո իշխանությունը կպահի իր խոստումը, եւ նոր ստեղծվելիք խորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում հնարավոր կլինի լույս սփռել այդ իրադարձությունների վրա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31