Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում հասարակությունը կփրկվի»

Դեկտեմբեր 27,2012 13:22

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում լրագրողներն ու հասարակությունը կփրկվեն, քանի որ այդ դեպքում Սերժ Սարգսյանն այլեւս կախված չի լինի «տարբեր տեսակի, տարբեր կենսագրություն ունեցող մարդկանցից, որոնց արած լկտիությունները նա պետք է կուլ տա»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ խորհուրդ է տալիս Գուրգեն Եղիազարյանին կանխավ պատրաստել շնորհավորական ուղերձը, որը վերջինս խոստացավ ուղարկել, եթե Սերժ Սարգսյանը հաղթի արդար ու ազնիվ ընտրապայքարում:

Մկրտիչ Մինասյան- Ես գնահատում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման փորձառու քաղաքական գործչի որոշումը: Ես կարծում եմ, որ նա բազում հարցեր վերլուծելով եւ գնահատելով է եկել այդ եզրակացության: Ինչ վերաբերում է ներկայացված պատճառաբանությանը, ապա ես համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձանից վատ չգիտի, որ ինչպես ինքն է ասում՝ քաղաքակիրթ աշխարհում՝ Արեւմուտքի ամենազարգացած երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, երկրի նախագահ են դարձել ավելի ավագ տարիքի մարդիկ՝ ինչպես Ժակ Շիրակը եւ Ֆրանսուա Միտերանը: Այնպես որ՝ տարիքի հետ կապված հիմնավորումն ընդամենը կարող էր պատրվակ լինել: Ես ենթադրում եմ, որ այդ որոշումը կայացնելիս նա, ամենայն հավանականությամբ, հաշվի է առել այն, որ 4-5 տարի առաջվա իմիջը եւ հանրային պաշտպանությունը չունի այսօր: Մի խոսքով՝ այդ որոշումը համընդհանուր վերլուծության արդյունք էր, որը նա ներկայացրեց տարիքի պատրվակով:

Գուրգեն Եղիազարյան- Այստեղ ոչ մի կապ չուներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ունի, թե չունի ՀՀ քաղաքացու թիկունքը: Ես միանշանակ կարծում եմ, որ ունի, եւ ավելին ունի, քան Սերժ Սարգսյանը: Եվ ես չեմ կարծում, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի կալիբրի քաղաքական գործիչն ասում է՝ ես այս ընտրություններում չեմ առաջադրվելու, նա դուրս է գալիս քաղաքական արենայից ընդհանրապես: Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մարդը չէ, նա երբեք դուրս չի գա քաղաքականությունից: Կուզենա մասնակցել ընտրություններին, թե չի ուզենա՝ նա կմնա Հայաստանի, Հարավային Կովկասի, ինչու ոչ՝ աշխարհի քաղաքագետների մեջ՝ որպես առանձնահատուկ երեւույթ: Բացառված չէ, որ վաղը-մյուս օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը կվերադառնա իշխանության:

«Առավոտ»- Ի՞նչ կարգավիճակով:

Գ. Ե.- Ցանկացած: Այսինքն՝ ես չեմ մտածում, որ նա դուրս է եկել քաղաքականությունից: Ես նրա հետ չեմ զրուցել, բայց ես ավելի քան վստահ եմ, որ նման բան չկա:

«Առավոտ»- Պարոն Մինասյան, Դուք հնարավոր համարո՞ւմ եք Տեր-Պետրոսյանի վերադարձը:

Մ. Մ.- Նախ՝ ես դա չափազանց կարեւոր խնդիր չեմ համարում, ինքն իր խնդիրն ունի, ինքը կորոշի: Բայց կարծում եմ՝ նա իսկապես իրատես է, շատ լավ գիտի իրավիճակը՝ հանրային ընկալումներն ու վերաբերմունքը, եւ վստահ եմ՝ ոչ միայն ինքը, այլեւ քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք հստակ գիտի, որ այսօր Սերժ Սարգսյանը լիարժեք ալտերնատիվ չունի ընտրության հարցում: Ես արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ ՀՀԿ-ի խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը բոլորիս հստակ հանձնարարություն է տվել՝ անել ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները լինեն իսկապես ամենաժողովրդավարականը, որ մեր ժողովրդի կողմից համարվեն ամենաարդարն ու անվիճահարույցը: Սա այն պահանջն է, որ երկրի նախագահը մեր առջեւ դրել է: Եվ ես ուզում եմ նշել, որ այդ ժամանակ դեռ հայտնի չէր՝ թե ով է առաջադրվելու, ով՝ ոչ: Եվ հետո՝ ես վստահ եմ, որ հայոց արգանդը բեղուն է, եւ պետք չէ ամեն ինչ պտտեցնել նախկին՝ առաջին, երկրորդ նախագահների շուրջը:

«Առավոտ»- Դուք նշեցիք, որ այսօր Սերժ Սարգսյանը այլընտրանք չունի: Չե՞ք կարծում, որ դա լուրջ խնդիր է: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ Սերժ Սարգսյանին սպառնում է հաղթանակը էպոսագետի նկատմամբ: Արդյոք այս իրավիճակում կարո՞ղ է խոսք լինել մրցակցային ընտրապայքարի մասին:

Մ. Մ.- Մենք ունենք մարդիկ, որոնք քաղաքական դաշտում նոր չեն՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը՝ «Ազատություն» կուսակցությունից:

Գ. Ե.- Հա, լրջագույն կուսակցություն է, գիտեմ: Բայց ես շատ ուժեղ թեկնածու եմ համարում էպոսագետին: Եվ էպոսագետը կլեգիտիմացնի այս ընտրությունները:

Մ. Մ.- Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հին աշխարհի պատմության մասնագետ է, ի՞նչ տարբերություն:

Գ. Ե.- Եթե այդպես լինի, ես Սերժ Սարգսյանի մասնագիտությունից հիմա կխոսեմ:

Մ. Մ.- Ի՞նչ է եղել՝ նա բանասեր է: Ես այստեղ ուզում եմ հիշեցնել Ալեքսան Կիրակոսյանի խոսքերը, որը մի առիթով ասաց. այն իշխանավորը, որը ներծծված չէ հայ մշակույթով, նա չարիք է դառնում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար:

Գ. Ե.- Էպոսագետը ներծծված է:

Մ. Մ.- Այնպես որ՝ այս իմաստով նաեւ Սերժ Սարգսյանը հայ մշակույթով ներծծված անձնավորություն է… Եթե դուք կարծում եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում Սերժ Սարգսյանը չէր հաղթելու, դուք չարաչար սխալվում եք:

Գ. Ե.- Ես դա մի անգամ տեսել եմ, երբ նա դատարկ քաղաքում, փշալարերով փակած փողոցում՝ ծպտված, վախեցած գնում էր երդում տալու:

Մ. Մ.- Մի մոռացեք 96թ. ընտրությունները, որոնք Ձեր ներկայացրած մեծագույն քաղաքական գործչի օրոք են տեղի ունեցել՝ նույն փշալարերը, Ազգային ժողովի պարիսպը կոտրելը եւ այլն:

Գ. Ե.- Ի տարբերություն Ձեզ՝ որ այն ժամանակ դիմություն էիք, ես ընդդիմություն էի Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բայց այն ժամանակ փշալար չի եղել, եղել է ընդամենը հարձակում ԱԺ շենքի վրա: Իսկ կրակոցները հնչել են նախագահականի բակում՝ միայն դեպի օդ: Եվ ոչ տասը մարդ է ուղղակի տեղում սպանվել, ոչ էլ 182 զինվոր՝ սրունքներից վիրավորվել: Այս պարագայում համեմատության ոչ մի եզր չկա:

Մ. Մ.- Ես ցավում եմ Մարտի մեկի դեպքերի համար: Բայց պետք է ընդունենք մի բացարձակ ճշմարտություն. չի կարելի հայ ժողովրդի մի հատվածի հավաքել մի տեղ ու անընդհատ թույն ու թարախ սերմանել ժողովրդի մեջ:

Գ. Ե.- Իհարկե, չի կարելի:

Մ. Մ.- Բայց դա արվեց՝ օրեր շարունակ ժողովրդին տրամադրելով: Ես գտնում եմ, որ հայ ժողովրդի մի հատվածին մյուսին թշնամի սարքելը թշնամու գործ է:

Գ. Ե.- Իսկ թշնամու գործ չէ՞ հայ ժողովրդին խաբելը, ստորացնելն ու սոված պահելը: 35 տոկոսը ձեր թվերն են, իրականում մարդկանց 65-70 տոկոսը սոված է:

«Առավոտ»- Հնարավոր համարո՞ւմ եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները համախմբվեն Հրանտ Բագրատյանի շուրջը:

Մ. Մ.- Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը, որպես այդպիսին, ամբողջական եւ միասնական այլեւս չի կարող լինել:

«Առավոտ»- Պարոն Եղիազարյան, Հրանտ Բագրատյանին սատարելու հետ կապված ասել էիք, որ Դուք սոցիալիստ եք, իսկ նա՝ ազատական, հետեւաբար չեք կարող սատարել Բագրատյանին: Այդ դեպքում ինչպե՞ս էիք սատարում Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը ազատական ՀՀՇ-ի անդամ է:

Գ. Ե.- Այն ժամանակ մենք գնում էինք իշխանափոխության, եւ ամբողջ Կոնգրեսը բաղկացած էր սոցիալիստներից եւ ազատականներից: Եվ այդ բաժանումը չկար, մենք մի թիմ էինք եւ գնում էինք առաջ…

«Առավոտ»- Իսկ հիմա մի թիմ չե՞ք:

Գ. Ե.- Իհարկե, մի թիմ ենք: Մենք կուռ թիմ ենք, եւ եթե երկու-երեք հոգի էլ դուրս գան այդ թիմից, ոչինչ չի փոխվի:

«Առավոտ»- Այդ դեպքում ինչո՞ւ չեք սատարում Հրանտ Բագրատյանին, հասկանալի չէ:

Գ. Ե.- Ինչո՞ւ պետք է պաշտպանեմ մի մարդու, որն ասում է՝ ես սառեցնում եմ ՀԱԿ-ի հետ իմ հարաբերությունները, եւ դա՝ երբ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչինչ չէր ասել:

«Առավոտ»- Բայց նա նաեւ նշել էր, որ Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում իր թեկնածությունը կհանի:

Գ. Ե.- Նա դրա բարոյական իրավունքը չուներ:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

 

Երկու քաղաքական գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31