Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը ներկայացրեց ՀՊՃՀ այս տարվա գործունեության արդյունքները:
«Լաբորատոր, ուսումնական ենթակառուցվածքների բարելավման տեսանկյունից ՀՊՃՀ-ում սկսվել է «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ» աննախադեպ ծրագրի իրականացումը: Ծրագիրն ընդգրկում է 34 ժամանակակից լաբորատորիա: Ներկայումս ընթանում են նախատեսված տարածքի շինվորանորոգման աշխատանքները: Բարեկարգվել եւ թարմացվել են 1200 քմ տարածք զբաղեցնող ՀՊՃՀ մի շարք լաբորատորիաներ: Ներկայումս ունենք լաբորատոր լուրջ բազա»,-ասաց ռեկտորը:
Նա նշեց, որ հաշվետու տարում բուհում ձեւավորվել են Լեզուների, Հումանիտար գիտությունների, Մարմնակրթության ու սպորտի գիտակրթական կենտրոնները, բացի այդ` վերակազմավորվել է բուհի Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնը. «Վերջինս ստեղծվել է դեռեւս 2006թ-ից: Ատոմակայանը սպասարկելու հետ կապված մենք այժմ չորս մասնագիտություն ենք իրականացնում, իսկ կենտրոնը համապատասխան կահավորմամբ եւ վիրտուալ ծրագրորեվ իրականացնում է ուսուցում, ինչպես նաեւ` ատոմակայանի աշխատակիցների վերապատրաստում: Ինչ վերաբերում է Լեզուների կենտրոնին, լեզվի իմացությունն անհրաժեշտ է ինժեներական նոր կադրերի ստեղծման համար: Ընդհանուր առմամբ` կենտրոնները նպաստում են ընդհանուր զարգացվածության մակարդակի բարձրացմանը: Պոլիտեխնիկում նաեւ ստեղծվել է Շարունակական կրթության կենտրոն, որը ներառում է Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիան, Cisco տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիան եւ Դասախոսների կատարելագործման կենտրոնը»:
Կարդացեք նաև
Պարոն Ավետիսյանը հայտնեց, որ Պոլիտեխնիկի բոլոր լաբորատորիաների համար պատրաստվել են համապատասխան անձնագրեր, որոնք ներառում են լաբորատորիաների նախագծերը, գործիքային հագեցվածությունը եւ իրականացվելիք աշխատանքները` ըստ մասնագիտությունների. «Անձնագրերի տվյալները գիտեն ամբիոնի բոլոր աշխատակիցները, լաբորանտները եւ տվյալ մասնագիտությամբ սովորող ուսանողները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ