Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ էր այդ Սասունցի Դավիթը, էդ ո՞նց դառավ Ծառուկյան Գագիկը փրկիչը իրենց»

Դեկտեմբեր 27,2012 12:44

Այսօր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, հրավիրած ասուլիսում անդրադառնալով նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշմանը՝ ասաց. «Առաջինը՝ ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը չի դրել: 2.5 մլն մարդ իրենց թենածությունը չի դրել: Հիմա ամեն մեկի պատճառները բերել, թե ինչո՞ւ չեն դրել՝ մի կողմ թողնենք: Ինքը իր պատճառները տվեց: Դա հեչ կարեւոր չի՝ հիմնավո՞ր էր, թե ոչ: Ամենակարեւորը, որ պիտի իմանաս՝ ինքը ասեց՝ դնո՞ւմ է թե՞ չի դնում: Ինչո՞ւ է դնում, ինչո՞ւ  չի դնում՝ դա երկրորդական բան է: Դրա համար ես չեմ ուզում քննարկել՝ իր ասածը ճշմարի՞տ է, թե՞ ճշմարիտ չի: Ինձ համար Լեւոն Տեր-Պետրոսյանը մի նախադասություն ասեց՝ ինքը իր թեկնածությունը չի դնելու՝ վերջ: Ինչ վերաբերում է ընտրություններին, մենք գտնվում ենք  մի մեծ դաշտի մեջ, դա ստեղծվել է 95-96-ին, երբ կար նորմալ ընտրություններ կազմակերպելու, բարենպաստ պայմաններ ստեղծելու շանս, որը Հայաստանը չի ունեցել այլեւս եւ չի ունենա: Այն ժամանակվա իշխանությունը  հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ վիժեցրեցին այդ հնարավորությունը: Մենք մտանք մի հատ ուրիշ սցենարի մեջ: Այս պահի տարբերությունը նախկին նախագահական ընտրություններից ինչումն է: 96-ին հասկանալի էր, որ եթե ոչ Լեւոնը, ապա Վազգեն Մանուկյանը: Ժողովուրդը գիտեր ինչի հետեւից պիտի գնա: 2003-ին երկու մարդ էր տեսնում ժողովուրդը՝ մեկը՝ Գեղամյանը Արտաշեսը, մյուսը՝ Ստեփան Դեմիրճյանը: Պայքարը երկուսի մեջ էր:  Այս վերջին ընտրություններին ժողովրդի մի հատված կար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեջ էր տեսնում, ինչքան էլ ես զարմանամ, բայց պետք է ընդունեմ դա որպես փաստ, մի մասն էլ Արթուր Բաղդասարյանի մեջ էր տեսնում: Հիմա կա՞ մի մարդ, որին ժողովուրդն ուզում է, որ  Սերժ Սարգսյանը չլինի նախագահ՝ նա դառնա նախագահ: Ես չեմ տեսնում այդպիսի մարդ»:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ այս ընտրություններին կլինի նույնը, ինչ խորհրդարանական ընտրություններին՝ լցոնումներ չեն լինի: Ինչ լինի՝ կլինի դրսում: Ինչ վերաբերում է ընդդիմության բացատրությանը, որ անիմաստ են համարում թեկնածու առաջադրելը, Վազգեն Մանուկյանն ասաց, որ դրանում մեղավոր են բոլոր նախկին իշխանությունները, եւ դրանում մեղավոր է  ընդդիմությունը. «Ո՞ւմ էր տեսնում ընդդիմությունը միասնական թեկնածու, մի հատ ինձ ասեք: Ո՞ւմ էին ուզում առաջ բրդեին ընդդիմությունով: Ասեք՝ քննարկենք: Ո՞վ էր այդ Սասունցի Դավիթը, որ պիտի փրկեր Հայաստանը, ըստ ընդդիմության: Ծառուկյան Գագոն: Բայց ամբողջ նախորդ ժամանակաշրջանում ընդդիմությունը պայքարում էր օլիգարխների դեմ, երկիրը թալանողների դեմ, Ծառուկյան Գագիկի դեմ: Էդ ո՞նց դառավ Ծառուկյան Գագիկը փրկիչը իրենց: Եթե ընդդիմությունը այդքան ցինիզմի է հասցնում իր պրագմատիզմը, բա ի՞նչ եք ուզում, ի՞նչ պետք է տեղի ունենա: Պիտի տեղի ունենա այն, ինչ հիմա տեղի է ունենում: Երբեք ընդդիմությունը այդ ցինիզմի չէր հասել, ինչ հիմա»:

Վազգեն Մանուկյանը նաեւ նշեց, որ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանին շատ դրական է վերաբերվում եւ եթե կարողանա ինքն իրեն դրսեւորի՝ ժողովուրդը կտեսնի. «Ես հիմա ասում եմ այն, ինչ հիմա եմ տեսնում»: Վազգեն Մանուկյանի մեկնաբանությամբ՝  «խաղը» քանդվեց 95, 96, 98-ին. «Այն ժամանակ կային իսկապես գաղափարական կուսակցություններ՝ ԱԻՄը, ԱԺՄ-ն, Կոմունիստական կուսակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը: Բայց 95-96-ին ապացուցվեց, որ դուք ով ուզում եք լինեք, իշխանություն ընտրությունների միջոցով չեք կարող ստանալ: Իրենք ուզում էին երկիրը փոխել: Հետո առաջացավ նոր թեկնածու՝ Ռոբերտ Քոչարյան, Կարեն Դեմիրճյան, կուսակցությունները դարձան երկրորդական: Աշոտ Նավասարդյանի ժամանակ ՀՀԿ-փոքր մի հատ խումբ էր: Դուրներդ գալիս է թե չէ՝ ՀՀԿ-ն արդեն կուսակցություն է, ՀՅԴ-ն կուսակցություն է: Մնացած կուսակցությունները կամ ակումբ են, կամ ձեւավորված չեն՝ որպես կուսակցություն»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե քանի տարեկան է Վազգեն Մանուկյանը: նա պատասխանեց. «68 չեմ, եթե դուք Լեւոնի խոսքը նկատի ունեք, բայց ինքը նախապատրաստել է դա՝ հաջորդ ընտրություններին օգտագործելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31