ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ամանորյա շնորհավորական բացիկներ է պատրաստել ՀՀ երեք նախագահների համար: Բացիկների վրա Լուվրում կախված «Բաբելոնյան աշտարակի փլուզումը» նկարի արտապատկերն է: Պատգամավորը ՀՀ երեք նախագահներին մաղթում է. «Մաղթում եւ հորդորում եմ հեռանալ ժպիտով եւ ոչ արյամբ, մնալ բարով, բայց ոչ չարությամբ»:
Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը՝ ամփոփելով անցնող տարին: Լրագրողներից մեկի խնդրանքին՝ գնահատել ՀԱԿ առաջնորդի առաջիկա նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշումը, տիկին Փոստանջյանն ասաց, որ գնահատելու կարիք չկա, ինքը պարզապես մաղթում է Տեր-Պետրոսյանին, որպեսզի իրապես հեռանա քաղաքականությունից, քանի որ իր համոզմամբ՝ «չարիքի բուրգի հիմնադիրներից մեկը» նաեւ առաջին նախագահն է՝ 1995թ. պարտադրված Սահմանադրությամբ: «Հնոտիքից պետք է ազատվենք»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը՝ նկատի ունենալով երեք նախագահներին եւ նրանց իշխանությունը, հավելեց, որ այդ գործիչների օրոք անկախ Հայաստանին չհաջողվեց նոր պետություն եւ պետականություն կառուցել, հիմա ժամանակն է, որ նոր սերունդը նոր Հայաստան կառուցի: Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ անկախության 20-ամյակի ընթացքում Հայաստանը կարող էր 7 մլն բնակչություն ունենալ ու որ դա չհաջողվեց, մեղքը երեք նախագահներինն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ