Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը «փչացրեց» լրատվական դաշտը եւ դեռ գլուխ է գովում

Դեկտեմբեր 27,2012 11:38

Ինչի՞դ վրա ես ուրախանում

 Նախագահական ընտրություններում առաջադրումների եւ չառաջադրումների թոհուբոհի ֆոնին, նախօրեին նախագահականում տեղի է ունեցել մի միջոցառում, որը կարծես թե այնքան էլ մեծ ուշադրության չի արժանացել։ Այնինչ, այդ միջոցառումը եւ հատկապես դրա ընթացքում հնչեցված Սերժ Սարգսյանի խոսքը, իրոք որ, առանձին վերլուծության է արժանի։

Ուրեմն, նախօրեին, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սերժ Սարգսյանն ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, բնականաբար, խոսքը պատասխանատու ԶԼՄ-ների մասին է։ Եւ ուրեմն, ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանր։ «Անցնող տարում մենք ձեզ հետ միասին շարունակեցինք մեր ջանքերը երկրում խոսքի ազատության ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ողջ տարվա ընթացքում եւ հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր որակյալ աշխատանքի համար։ Ես չեմ հիշում անկախ Հայաստանի պատմության մեջ որեւէ ընտրություն, երբ մասնակիցների համար լրատվության այդչափ հասանելիություն եղած լիներ, ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Մի բան էլ եմ արձանագրել. մեր լրագրողներից շատերն արդեն լրջորեն տիրապետում են քաղաքական գործընթացները լուսաբանելիս սեփական դիրքորոշումները մի կողմ դնելու կարողություններին։ Սա արդեն պրոֆեսիոնալիզմն է, ինչն իրոք նկատելի է։ Այն, ինչին մեն միասին հասել ենք, եւ ինչն այդպես տեսանելիորեն դրսեւորվեց նախորդ ընտրությունների ժամանակ, իրոք, լուրջ ձեռբերում է, որից հետընթաց մենք ուղղակի իրավունք չունենք թույլ տալու։ Ճիշտ հակառակը՝ պիտի շարունակենք առաջ գնալ։ Անշուշտ, ոմանց համար եղածը դեռ տեսանելի չէ, իսկ ոմանք էլ պարզապես չեն ցանկանում տեսնել։ Բայց սա գործընթաց է, որը մենք ձեզ հետ միասին անշեղորեն շարունակելու ենք։ Գնում ենք եւ գնալու ենք Հայաստանի համար միակ ընդունելի ճանապարհով։ Իհարկե խնդիրներ դեռ շատ կան, բայց կան մեր նպատակներին հասնելու երկու ամենակարեւոր գործոնները՝ հասարակական պահանջը՝ մի կողմից եւ իշխանությունների քաղաքական կամքը՝ մյուս կոդմից։ Այսպիսով, մենք դաշնակիցներ ենք եւ միասին իրականացնում ենք առաքելություն, որի արդյունքներով պայմանավորված է ոչ միայն մեր երկրի ներկան, այլեւ տեսանելի ապագան։

…Նոր՝ 2013 թվականր շատ հարցերում վճռորոշ է լինելու մեր հասարակության համար։ Այն, ինչ լուսաբանելու տեսանկյունից ձեռք ենք բերել նախորդ ընտրություններամ, փետրվարյան ընտրությունհերի համար պետք է համարել սոսկ նվազագույն շեմ։ Ավելին պետք է անենք։ Ու խոսքը միայն ընտրությաններին չի վերաբերում։ …Մեծ է պատասխանատվությունը բոլոր նրանց, ովքեր գրեթե ամեն օր շփվում են մարդկանց հետ, ովքեր գրեթե ամեն օր խոսք են ասում մարդկանց։ Իմ կոչը եւ հորդորն է՝ չէժանացնել այդ խոսքը, չմոռանալ, որ մենք լուրջ նպատակներ եւ հավակնություններ ունենք, եւ նպատակների ու հավակնությունների արտահայտիչներ եք նաեւ դուք, սիրելի՛ լրագրողներ»,- մասնավորապես, հայտարարել է Սարգսյանը։

Եվ այս ամենը հայտարարում է մի մարդ, որը մոնոպոլիզացրել, դեգրադացրել ու «յուրացրել» է գրեթե ողջ լրատվական դաշտը։ Մարդ, ով լրատվությունը վեր է ածել «մուտիլովկաների», ով պատվերով գրված ստահոդ տեղեկատվությունը դարձրել է նորմ։ Այո, Սերժ Սարգսյանից առաջ էլ լրատվական դաշտը տոտալ վերահսկողության տակ էր։ Սակայն այժմ այն դեգրադացվել է մի շատ պարզ պատճառով, լրատվականների գերակշիռ մասը սկսել է երկակի դեր խաղալ։ Առաջին հայացքից թվացյալ անկախություն խաղացնելով՝ նրանք անթաքույց զբաղված են էժանագին «մուտիտներ» տարածելով։ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն ու գրեթե ամբողջությամբ «փչացրել» է լրատվական դաշտը, ճիշտ այնպես, ինչպես՝ քաղաքական դաշտը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա այս ընտրություններին կիրառվեցին ամենախայտառակ տեխնոլոգիաները։ Իշխանությունների ավանդական գործիքն համարվող հեռուստաընկերություններին այս անգամ տրվեց մի փոքր ազատություն, ընդդիմադիրներին սկսեցին հրավիրել եթեր, փոխարենը իշխանությունները իրենց ձեռքերը տարան դեպի մինչ այդ անկախ համարվող լրատվական կայքերն ու թերթերը։ Պարզ բան էր՝ մինչ այդ հանրությունը համարում էր, որ կայքերն ավելի ագատ են, հետեւաբար, ավելի հակված էին հավատալ հենց այդ տեղեկատվական աղբյուրներին։ Սակայն, իշխանությունները փչացրեցին նաեւ այդ դաշտը՝ այն վերածելով ընդդիմության դեմ «մուտիլովկաներ» տարածող մի միացյալ արտադրամասի։ Ահա թե իրականում ինչ է արել լրատվական դաշտի հետ Սերժ Սարգսյանը, որը, սակայն, այսօր գլուխ է գովում, թե դաշտը փոխվում է, եւ այլն, եւ այսպես շարունակ։

 

Հ.Գ. Ի դեպ, ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփիչ զեկույցի հանձնարարականներում խոսք կա նաեւ լրատվական դաշտի վերաբերյալ։ Ահա դրանք. «17. Կուսակցությունների կողմից պատրաստված ցանկացած քարոզչական նյութ պետք է նշվի որպես այդպիսին հեռարձակման ժամանակ։ Ամեն դեպքում,

նման նյութը չպետք է ներառվի լրատվական հաղորդումներում՝ առանց հստակ նշման, որ այն կուսակցության կամ մասնակցի կողմից կամ նրա օգտին պատրաստված քարոզչական նյութ է։ 18. Լրատվամիջոցներին առնչվող եւ իրավակիրառ մեխանիզմների       առումով ՀՌԱՀ իրավասությունները կարող են ավելի հստակեցվել։ Այդ արդյունքին հասնելու համար ՀՌԱՀ կողից համապարփակ ուղեցույցի ընդունումը ցանկալի կլինի։ Դիմումների լուծման ընթացակարգերը պետք է ժամանակին, հստակ եւ մատչելի լինեն, որպեսզի բարձրացնեն վստահությունը եւ դիմումատուին տրամադրեն արդյունավետ փոխհատուցում։ Պատժամիջոցները պետք է հստակ սահմանված լինեն եւ համաչափ լինեն կատարված խախտման ծանրությանը։ 19. ՀՌԱՀ-ն պետք է իրականացնի լրատվամիջոցների իր դիտարկումը հիմնվելով իր սեփական միջոցների վրա՝ այլ ոչ թե, հանձնարարելով լրատվամիջոցներին իրենց սեփական  հեռուստահաղորդումների վերաբերյալ զեկույցներ ներկայացնել։ Այս նպատակով, պետք է քննարկվի անհրաժեշտ իրավասությունները եւ միջոցները զարգացնելու հնարավորությունը։ ՀՌԱՀ-ն կարող է նաեւ քննարկել իր լրատվամիջոցների դիտարկման մեթոդոլոգիայի մեջ լուսաբանման երանգի գնահատում ներառելը, որպեսզի որոշի հնարավոր քաղաքական կողմնակալությունը»։

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31