Լրահոս
Օրվա լրահոսը

Հավեսով վերջանում ենք

Դեկտեմբեր 27,2012 11:30

Նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները մեկը մյուսի հետեւից ասուլիսներ են հրավիրում ու ամփոփում անցնող տարին։

Այն մթնոլորտը, որ տիրում է այդ ասուլիսներում, պարզապես սարսափելի է։ Եթե կարճ նկարագրելու լինենք ասվածը, ապա դրանք անցնում են «ամեն ինչ լավ է», «ոչ մի խնդիր չկա», «ամենուր աճ է», «համատարած զարգացում է»… խորագրերի ներքո։ Ճիշտ եւ ճիշտ՝ ինչպես հին ու «բարի» ժամանակներում։ Խորհրդային Միությունում էլ էին ամփոփում, համատարած աճեր ու զարգացումներ արձանագրում, ոչ մի խնդիր չկար, ամեն ինչ լավ էր։ Այդպես ամփոփում էին ՍՄԿԿ համագումարներում, իսկ ժողովուրդը միայն կտրոնով էր կարողանում ձեռք բերել կարագը։ Միայն սովետի քանդվելուց հետո բոլորին հայտնի դարձավ, որ ոչ մի աճ, առավել եւս՝ զարգացում չի եղել։ Աշխարհը զարգանում էր ոստյուններով, իսկ Խորհրդային Միության ղեկավարությունն, իր առաջնորդի կրծքին հերթական մեդալը կախելով, ամփոփում էր աճն ու զարգացումը։ Այդ բեմադրության ավարտը տխուր, շատ տխուր էր։ Հիմա նույն ներկայացումը բեմադրվում է Հայաստանում։ Էլի ամեն ինչ լավ է, աճեր, զարգացումներ… իսկ բնակչության 35 տոկոսն աղքատ է: Ահա այս զուգահեռն է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաների «ամփոփումները» շատ վատ կանխազգացումների է հանգեցնում։ Եթե մեր պաշտոնյաները գիտեն, որ վիճակը լուրջ է, բայց իրենց «ամփոփումներում» դա փորձում են թաքցնել՝ շատ վատ է։ Իսկ եթե չեն գիտակցում, ապա՝ արդեն վերջն է։

Լրագրողներն «ամփոփումների» ժամանակ ասում են՝ աղքատությունը խորանում է, պաշտոնյաները պատասխանում են՝ համաշխարհային տնտեսության միտումներն են այդպիսին։ Ասում են՝ բնակչությունը արտագաղթում է, պատասխանում են՝ դա արտագաղթ չի, ինտեգրացիա է։ Ասում են՝ օլիգարխներն օրեցօր տնտեսությունն ավելի են կենտրոնացնում իրենց ձեռքում, պատասխանում են՝ Համաշխարհային բանկի սանդղակում մեր դիրքերը բարելավվել են… Մի խոսքով, իրավիճակի շուրջ բացարձակապես մտահոգության նշույլ անգամ չկա: Օրինակ, երեկ հերթական ամփոփումն էր անում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ Նրան, պարզվում է, բոլորովին չի մտահոգում, որ անցնող տարում օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ նվազել են, ընդ որում՝ նվազել են 40 տոկոսով։ Նախարարն ունի դրա բացատրությունը։ «Մասնավորապես, օդանավակայանի շինարարությունն ավարտվեց, տելեկոմի լուրջ ներդրումները՝ «Օրանժ»-ի եւ մի շարք ընկերությունների, որոնք բավականին ակտիվ եւ մեծ ներդրումներ արեցին, նույնպես հիմնականում ավարտվեցին… եթե մենք այդ կոմպոնենտները հանենք, կտեսնենք, որ էական տարբերու¬թյուններ չկան այլ ներդրումների ծավալների մեջ»,- ասում է նախարարը։ Բա ինչո՞ւ նոր ներդրողներ չեն գալիս։ «Ամենակարեւոր խնդիրը, որ մենք ունենք, դա փոքր եւ սահմանափակ ներքին շուկան է։ Փոքր շուկաները գրավիչ չեն խոշոր ներդրումային ընկերությունների համար»,- ասում է Տիգրան Դավթյանը։ Ուրեմն՝ վերջ, հա՞։ Որտեղ հնարավոր էր ներդրում անել՝ արեցին պրծան ու վե՞րջ։ Չլինի՞ Սերժ Սարգսյանը հենց սա նկատի ուներ, երբ ասում էր՝ եւ վերջ։ Հիմա ինքնուրույն «ամփոփենք» օտարերկրյա ներդրումների վիճակը։ Այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ տնտեսության մեջ իրականացվել է 391 միլիոն դոլար, անցած տարվա 603 միլիոն դոլարի դիմաց։ Բայց սա՝ դեռ հեչ։ Հիմա, ինչպես նախարարն է ասում, «հանենք կոմպոնենտները»։ 391 միլիոնից 178 միլիոնն ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ, իսկ մյուս ճյուղերին՝ 213 միլիոն։ Անցած տարի հանքարդյունաբերությանը ուղղվել էր 60 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրում, իսկ մյուս ճյուղերին՝ 543 միլիոն դոլար։ Այսինքն, ոչ հանքարդյունաբերությանն այս տարի ուղղվել է 2.5 անգամ պակաս օտարերկրյա ներդրում, քան անցած տարի։ Եվ սա մտահոգիչ չէ՝ բոլորովին։ Զատո, ինչպես երեկ ասում էր նախարարը, Համաշխարհային բանկի հրապարակած Doing Business սանդղակում մեր դիրքերը բարելավվել են 23 կետով, եւ հիմա մենք 32-րդ հորիզոնականում ենք։

Հայաստանի արդյունաբերության աճը, ասում է նախարար Տիգրան Դավթյանը, 10 տոկոս է։ Շատ լավ է, բայց նախարարը նույնիսկ ակնարկ չի անում, որ այդ աճից 8.5 տոկոսը՝ շնորհիվ այնպիսի ճյուղերի է, որոնք կառավա¬րության գործունեության հետ որեւէ կապ, մեծ հաշվով, չունեն։ Դրանք են՝ հանքարդյունաբերությունն ու հանքաքարի մշակումը, էլէներգիայի արտադրությունը եւ կոնյակը։ Այլ կերպ ասած, Հայաստանի տնտեսության մյուս բոլոր ճյուղերը միասին աճել են ընդամենը 1.5 տոկոսով, այն էլ՝ ակնհայտ հավելագրումների ու կեղծ տվյալների շնորհիվ։

Զբոսաշրջիկների թիվը, ասում է նախարարը, անցած տարվա համեմատ աճել է 92 տոկոսով եւ տարվա վերջին կկազմի 830 հազար մարդ։ Այսինքն, անցած տարվա համեմատ, մի 80 հազարով «զբոսաշրջիկների» թիվն ավելացել է։ Նախարարը, բնականաբար, ակնարկ էլ չի անում, որ այդ «զբոսաշրջիկների» մեծագույն մասը Հայաստանից արտագաղթածներն են, որոնք տարին մի անգամ գալիս են իրենց հարազատներին այցելելու։ Այս տարի Հայաստանից, ամենահամեստ հաշվարկներով, կարտագաղթի մի 55 հազար մարդ եւս։ Ու դրա շնորհիվ հաջորդ տարիներին իրենց հարազատներին այցելող «զբոսաշրջիկների» թիվն էլի կավելանա։ Բայց սա էլ մտահոգիչ չէ, կարեւորն այն է, որ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա, ամենուր աճ է ու համատարած զարգացում։ Մնում է սպասել, թե ինչ կլինի հետո եւ վերջ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31