Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ամփոփում

Դեկտեմբեր 27,2012 10:54

Անցնող տարին՝ 2012 թվականը, բավական թեժ տարի էր՝ լի քաղաքական ինտրիգներով, լարված պահերով, ուշագրավ դրվագներով։ Անցնող տարով, ըստ էության, ամփոփվեց մեր նորագույն պատմության մի ամբողջ փուլ։ Որոնք են այն կարեւոր հինգ իրադարձությունները, որոնք կարելի է հիշատակել 2012-ից։

ԱԺ ընտրություններ

Տարին սկսվեց մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման թոհուբոհի մեջ։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը, որ փորձում էին հասնել մեծամասնական ընտրակարգի վերացմանը՝ հայտարարելով, որ այդ ընտրակարգն անհավասար պայմաններ է ստեղծում ընդդիմության եւ իշխանության միջեւ, այդպես էլ արդյունքի չհասան։ Ստեղծվեց ընտրությունների վերահսկման միասնական շտաբ, որին մաս կազմեցին երեք ուժեր։ Այդուհանդերձ, այդ ընտրությունները եւս անցան այնպես, ինչպես մնացած գրեթե բոլոր հայաստանյան ընտրությունները։ Տարբերությունը մեկն էր՝ ընտրակեղծարարության մեջ պրոֆեսիոնալիզմի բարձրագույն աստիճանի հասած իշխանություններն այս. անգամ ընտրությունները կեղծեցին ավելի «ցիվիլ» մեթոդներով։ Խորհրդարան մտան քաղաքական դաշտի բոլոր մեծ ու փոքր խաղացողները։ Ընտրություններից հետո ձեւավորվեց նոր կոալիցիա, որին այս անգամ մաս չկազմեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Վերջ հանրահավաքներին

Գործող ռեժիմի դեմ հանրահավաքային պայքարը սկսվել էր դեռ 2007-ի փետրվարից։ 1+1+1+1 շարժումը՝ «ոչ ռոբոտացմանը, ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը» կարգախոսի ներքո, ըստ էության, հող էր նախապատրաստում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի համար։ Արդեն 2007-ի աշնանից, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց մեծ քաղաքականություն վերադարձի մասին, հանրահավաքային շարժումն օրեցօր թափ հավաքեց՝ վերածվելով համաժողովրդական շարժման։ Անցած տարիներին եղան բազում հուժկու հանրահավաքներ։ Այս տարվա հունիսի 26-ին տեղի ունեցավ վերջին հանրահավաքը։ 2012-ը նշանավորվեց նաեւ հանրահավաքային շարժման ավարտով։

Նեմեցի մանդատազրկումը

Անցնող տարին ուշագրավ էր նաեւ ռեժիմի հիմնասյուներից մեկի՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հեռացումով, որին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մահվան ելքով տեղի ունեցած խայտառակ դեպքից հետո, հասարակության մեծ ճնշման ներքո, Սերժ Սարգսյանը ստիպված էր իր սիրելի օլիգարխներից մեկին զրկել պատգամավորական մանդատից։ «Հարսնաքարի» դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու փորձերն ապարդյուն անցան, այդուհանդերձ, նոր խորհրդարանի աշնանային նստաշրջանում ԱԺ նախագահը կարդաց Ռ. Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելու մասին դիմումը։

Քաղաքական կոնսուլտացիաներ

Անցած ամիսների ընթացքում ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում էին միասնական թեկնածու գտնել։ Կուլիսային բանակցությունները, սակայն, այդպես էլ արդյունք չտվեցին։ Իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ն հայտարարեց, որ քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին եւ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու օրակարգով։ ՀՅԴ-ն իր հերթին կոնսուլտացիաներ սկսեց իր հեղինակած պլատֆորմի շուրջ։ Այդ կոնսուլտացիաները եւս որեւէ արդյունքի չհասան, թեեւ ամեն հանդիպումից հետո փակ քննարկումներին մասնակից ուժերը հայտարարում էին, որ իրենց տեսակետները համընկնում էին ու չէին բացառում առաջիկա նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը։ Քաղաքական այդ կոնսուլտացիաներից, սակայն, ավելի շատ տպավորություն ստեղծվեց, որ դրանք պարզապես ժամանակ ձգելու միջոց էին՝ կուլիսային համաձայնությունների հասնելու արանքում։

Լետնի հեռանալը,

Սերժի ֆիասկոն

2008-ի համաժողովրդական շարժման այն ակտիվիստները, որ հույսեր էին տածում, թե միգուցե հաջողվի առաջիկա նախագահական ընտրություններում ամրագրել Տեր-Պետրոսյանի 2008-ի հաղթանակը, արդեն երկու օր է անկումային տրամադրությունների մեջ են։ Առաջին նախագահը, ինչպես հայտնի է, հայտարարեց, որ չի առաջադրվելու՝ պատճառաբանելով իր տարիքը։ Ու թեեւ հիմա Սերժ Սարգսյանը, խոստովանենք, հզոր մրցակից չունի, այդուհանդերձ, նրա լեգիտիմությունն առաջիկա ընտրություններից հետո էլ կասկածի տակ է մնալու։ Իհարկե, Սարգսյանին հաջողվեց գրեթե ամայացնել քաղաքական դաշտը, իհարկե՝ ռեժիմը հաղթեց ժողովրդին, բայց Սարգսյանը ստիպված է լինելու առաջիկա ընտրություններում «մրցել» էպոսագետի ու սուրենավանցի Մարտիկի հետ։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի շուրջ դեռ հայտնի չէ, թե ինչ զարգացումներ կարող են ընթանալ։ Նա մեզ հետ զրույցում թեեւ ասել էր, որ դեմ է բոյկոտին, բայց նաեւ չի բացառվում, որ Բագրատյանն էլ, ի վերջո, այլ եզրահանգման գա։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31