Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի «ընտրություններ» միջոցառման

Դեկտեմբեր 27,2012 10:40

ՀՅԴ Գերագույն մարմնի որոշումով՝ ավանդական կուսակցությունը ևս հրաժարվեց սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին՝ չպաշտպանելով որևէ այլ քաղաքական ուժի կամ թեկնածուի: Անկախ այն հանգամանքից, թե ինչ հիմնավորումներով է Դաշնակցությունը փաստացի բոյկոտում 2013թ. նախագահական ընտրությունները, այդ որոշումը միակ ռացիոնալ արձագանքն էր ստեղծված քաղաքական իրավիճակին, որին նպաստելու գործում քիչ դերակատարություն չի ունեցել նաև ՀՅԴ-ն:

Սակայն վերջնականապես ուրվագծվող քաղաքական դասավորվածությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի սատարմամբ, միայնակ է մնում նախագահական մրցավազքին՝ չունենալով լուրջ մրցակից: Քաղաքական ուժերի մեծամասնությունը հասկացել է, որ նախորդ հինգ տարիները պարզապես վատնվել են անհասկանալի գաղափարներ և քաղաքական կոմբինացիաներ գեներացնելու վրա, որոնք վերջնական արդյունքում հանգեցնելու են Սերժ Սարգսյանի վերարտադրությանը: Ուստի առանց որևէ հստակ պայմանավորվածության և բանակցությունների՝ քաղաքական քիչ թե շատ ազդեցիկ ուժերը առանձին-առանձին ընթանում են նախագահական ընտրություններ կոչվող միջոցառումը բոյկոտելու ճանապարհով՝ շատ լավ գիտակցելով, որ գոյություն ունեցող խաղի կանոնների պայմաններում ընտրությունների միջոցով փոփոխություն տեղի չի ունենում, իսկ ընտրություններին մասնակցությունը գործող ռեժիմին լեգիտիմացնելու լավագույն միջոցն է:

Անհասկանալի են այն քաղաքական գործիչների մոտիվացիաները, որոնք հայտ են ներկայացնում մասնակցել Սերժ Սարգսյանի ընտրության միջոցառմանը: Խոսքը այն գործիչների մասին է, որոնք հանրային ընկալման առումով մի քանի աստիճան բարձր են կանգնած անհասկանալի նպատակներ հետապնդող, տարբեր մասնագիտությունների տեր գործազուրկ և քաղաքական հնություն հանդիսացող թեկնածուներից: Խոսքն այս պարագայում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասին է: Փաստացի Րաֆֆի Հովհաննիսյանը միակ խորհրդարանական ոչ իշխանական կուսակցության ղեկավարն է, որը նպատակ ունի մասնակցել նախագահական մրցավազքին: Հնարավոր է՝ «Ժառանգության» առաջնորդը ազնիվ մղումներ ունի երկրում ինչ-որ բան փոխելու, սակայն մյուս կողմից՝ ակնհայտ է, որ թե՛ ռեսուրսների և թե՛ ստվերային ընտրական մեխանիզմների պայմաններում նրա պարտությունը երաշխավորված է: Նույնը վերաբերում է Հրանտ Բագրատյանին. ազատական գաղափարներով թեկնածուի բացը լրացնելու մղումը բավական թույլ հիմնավորում է Սերժ Սարգսյանին լեգիտիմացնելու համար:

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31