ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչությունը շուրջ մեկ ու կես ամիս տևած ուսումնասիրություններից հետո երեկ վերջապես ավարտեց իր աշխատանքը Գյումրու քաղաքապետարանում ` սպասողական վիճակի մեջ թողնելով ինչպես նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին, այնպես էլ նախկին քաղաքագլուխ Վարդան Ղուկասյանին:Նախարարության ստուգող խումբը ուսումնասիրել է ամեն մի փաստաթուղթ, պայմանագիր, բյուջեի, հատկապես պետության կողմից հատկացված դոտացիայի ծախսման հիմնավորումները: Մի խոսքով, նրանք ստուգել են այն ամենը, որն առնչվում է Վարդան Ղուկասյանին , այդ թվում և հատուկ ուշադրություն են դարձրել նրա որդուն` Սպարտակ Ղուկասյանին պատկանող կազմակերպությանը` « Գյումրեցի ընկերներին» ունեցած պարտք-տալիքներին :
Վերահսկողության վարչությունը հեռացել է ` խոստանալով ակտը ուղարկել մի քանի օրից: Սամվել Բալասանյանը բնականաբար անչափ լարվել է, քանի որ այստեղ կա ճիշտ ու սխալ դուրս գալու պահ, իսկ նա, քաղաքապետի պաշտոնը ստանձնելուն պես, սկսել էր մերկացնել Ղուկասյանին, դժգոհել նրա թույլ տված ատկատներից: Ոչ պակաս լարված է նաև Գյումրու նախկին քաղաքապետը, քանի որ այս անգամ, ի տարբերություն 2009 թվականին Գյումրու քաղաքապետարանում Վերահսկիչ պալատի կողմից կատարած ուսումնասիրությունների, չարաշահումներ նկատելուն պես կխայտառակեն իրեն, և եթե անգամ լռեն ռեվիզոները, ապա նրանց փոխարեն անպայման կխոսի Սամվել Բալասանյանը: Ի դեպ, Գյումրու փողոցները ասֆալտապատող ու փոսալցման աշխատանքներ կատարող «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպության աշխատակիցները այսօր դարձյալ եղել են Շիրակի մարզպետարանում, երեկ նրանք Գյումրու քաղքապետարանում էին:Վերջիններս պահանջում են իրենց աշխատավարձը, մինչդեռ Գյումրու քաղաքապետարանից նրանց տեղեկացրել են, որ քաղաքապետարանը պարտք չունի այս շինկազմակերպությանը, այդպես են վստահեցրել Ֆիննախարարության ռեվիզորները: Մի խոսքով, խեղճ բանվորներին հասկացրել են գնալ ու իրենց փողերը պահանջել գործատուից` Վարդան Ղուկասյանի որդուց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ