Այսօր Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կգնահատի իր կուսակից ընկերոջ` մականունավոր պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի նկատմամբ դրսևորած վարքագիծը: Հիշեցնենք, որ խորհրդարանի միջանցքում պատգամավորը սպառնացել էր իրեն հարց տվող լրագրողին` ասելով. «Դավա՛յ, դավա՛յ, յալլա՛, կտամ ծնոտդ կպոկեմ»: Մի՞թե սա է «Ապահով Հայաստանը» կամ լրատվամիջոցների համար ազատ գործունեություն ապահովելը, որի մասին օրեր առաջ խոսում էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, և մի՞թե ՀՀԿ-ական պատգամավորի նման պահվածքը սև PR չէ ուղղված հենց երկրի նախագահին: Մենք Սահակ Մինասյանին փոխանցեցինք, որ շատերն արդեն իսկ հայտարարել են, որ չեն քվեարկելու այնպիսի մի մարդու օգտին, որի կողքին կանգնած են Մհեր Սեդրակյանն ու նրա նմանները:
Ի պատասխան մեր այս հարցադրումների, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նորընտիր առաջնորդն ասաց. «Միջադեպին վերաբերում եմ խիստ բացասական, ցանկացած իրեն հարգող անձ իրավունք չունի ցանկացած պարագայում փորձ անելու, ուր մնաց թե` ուժի դիրքերից լուծելու որեւէ խնդիր, ֆիզիկականի մասին է խոսքը: Իհարկե, արարքը դիտվում է որպես վատ, բայց սա չի նշանակում PR է` սև կամ դեղին կամ սպիտակ, մի պարզ պատճառով. մենք իրավունք չունենք ցանկացած քաղաքացու` անկախ կուսակցական պատկանելությունից, վերաբերունքը այս կամ այն խնդրի շուրջ նույնացնել կամ տանել համեմատական տվյալ կուսակցության ղեկավարի կամ երկրի նախագահի ասածի կամ վարվելաձևի հետ, իրավունքը չունենք դրա: Մի պարզ պատճառով, դուք խոսում եք Ազգային ժողով, պատգամավոր, Լորդերի պալատում էլ է եղել միջադեպ, քաղաքակիրթ Անգլիայում, չեմ ափսոսում բառիս կոշտության համար , թքել են միմյանց վրա, սա չի կարելի որակել , որ Անգլիայում ժողովրդավարություն չկա, առանձին միջադեպերը տհաճ են, ոչ ընդունելի, պարսավանքի , քննադատության արժանի, քննարկելու, փոխելու առիթ կա , բայց նմանեցնել կամ նույնացնել կամ որակել որպես ազդեցիկ երևույթ, ես չեմ պատրաստվում»: Իսկ ՀՀԿ-ն գոնե պատրաստվո՞ւմ է պատժել նման պահվածք ունեցող մարդկանց , թե՞ դա թողել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի հույսին: «Որպեսզի իմ լիազորություններից դուրս չասեմ պատասխանը, որը ես չեմ սիրում, կասեմ հետևյալը. ՀՀԿ-ն իր ղեկավար կազմով, իր խորհրդով, ես կարծում եմ և դրանում համոզված եմ, ունի այնպիսի ընդհանուր ձևավորված ձեռագիր ու վարքագիծ շրջապատում, ես էլ եմ ՀՀԿ-ական , դուք էլ, որպես լրագրող, ինձ ճանաչում եք ոչ ավել, ոչ պակաս 10 տարի, ճիշտ է միջադեպը տհաճ է, բայց ընդհանուր որակում մեր համակարգի համար չի կարող ունենալ», -համոզված է մեր զրուցակիցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ