Այսօր Հայ ազգային կոնգրեսը քաղխորհրդի նիստ է արել, որտեղ վերջնական որոշում չի կարողացել կայացնել, թե ինչպես է մասնակցելու նախագահական ընտրություններին, սատարելո՞ւ է Հրանտ Բագրատյանին, կամ սատարելո՞ւ է առհասարակ որեւէ մեկին: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ քաղխորհրդի նիստում դեռ քննարկումներ պետք է լինեն եւ վերջնական որոշումը պարզ կլինի վաղը, որից հետո Կոնգրեսը կանի հայտարարություն: Նրա խոսքերով՝ քննարկելու շատ բան կա. «Հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն էլ բոյկոտեց…այս իրավիճակում անլուրջ է առաջադրումը»: Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ Հրանտ Բագրատյանին սատարելու հետ կապված «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել էր, որ իր վերաբերմունքն այստեղ որեւէ նշանակություն չունի. «Կարեւորը Կոնգրեսի անդամ կուսակցություններից բաղկացած քաղխորհրդի որոշումն է»:
Մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի որոշումը՝ Լեւոն Զուրաբյանն ասել է, որ այդ որոշումը քաղաքականությունից դուրս գալ չի նշանակում. «Նման բան գոյություն չունի. սա ընդամենը որոշում է՝ չառաջադրվելու մասին: Բայց ինքը մնում է քաղաքականության մեջ, այս հինգ տարվա պայքարը շարունակվում է, շարժումը շարունակելու է անել իր գործը եւ Տեր-Պետրոսյանն էլ հետը: Շատերը կուզեին դա ներկայացնել որպես իր քաղաքական գործունեության ավարտ կամ հեռանալ: Դա այդպես չէ»: Հարցին, թե ինչպե՞ս է մնալու, ինչպե՞ս է Կոնգրեսը շարունակելու իր գործունեությունը, Կոնգրեսի համակարգողը պատասխանել է. «Ես հիմա չեմ ցանկանում որեւէ կանխագուշակում անել, առավել եւս, որ նման հարցեր դեռ չեն քննարկվել, բայց ես վստահ եմ, որ ինչ-որ պահից, այո, կվերսկսվեն հանրահավաքներ, մենք լրջագույն խնդիրներ ենք դնելու: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ Հայաստանը, այնուամենայնիվ, շատ լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տեսանյութը` «Ա1+»-ի
Կարդացեք նաև