Երեկ երեկոյան ժամը 18-ի սահմաններում Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ ընկերության ստորգետնյա հանքում դեպք է տեղի ունեցել: Մեր ունեցած տվյալներով` հանքախորշի առաստաղից` մեծ բարձրությունից, քար է ընկել տվյալ պահին հանքում աշխատող կոմբինատի հորատող 52-ամյա Մուրազիկ Բաղդասարյանի վրա: Ինչպես տեղեկացանք Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքից` այս պահին տուժածի վիճակը գնահատվում է ծանր կայուն: «Երեկ կոմբինատի աշխատակիցը ժամը 6:30-ի սահմաններում մեզ մոտ է տեղափոխվել գանգուղեղային համակցված վնասվածքներով, մարմնի տարբեր մասերում տարածուն սալջարդով, գանգաթաղանթի պատռված վերքերով: Ներկա դրությամբ նրա վիճակը ծանր կայուն է», – «Առավոտին» փոխանցեց Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը:
Դինո Գոլդից փորձեցինք տեղեկատվություն ստանալ դեպքի վերաբերյալ: Մեզ տեղեկացրեցին, որ այս պահին հետաքննություն է իրականացվում դեպքի պատճառները պարզելու նպատակով, որից հետո միայն ընկերությունը պաշտոնական հաղորդագրությոամբ հանդես կգա:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ