ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա. Զախարյանին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի` 2012թ. օգոստոսի 20-ի որոշման օրինականությունը, կասեցրել է դրա գործողությունը: Միաժամանակ միջնորդել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովին վերանայել այն:
Ուսումնասիրությունների արդյունքում մասնավորապես պարզվել է, որ դատապարտյալ Ա. Զախարյանին մեկուսացվածության ավելի ցածր աստիճանի՝ բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին որոշում կայացնելու ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացված միջնորդագիրը հիմնավորված չի եղել` ՔԿ հիմնարկում դատապարտյալի գտնված լինելու ամբողջ ժամանակահատվածում դատապարտյալի վարքի մասին տվյալների բազմակողմանի ուսումնասիրության, ինչպես նաեւ՝ դատապարտյալի անձի եւ հանցագործության բազմակողմանի վերլուծության եւ գնահատման արդյունքների առումով:
Ըստ ուսումնասիրության` տեղաբաշխման հանձնաժողովի կողմից անտեսվել են հարցը լուծելու համար էական նշանակություն ունեցող բազմաթիվ հանգամանքներ, ինչի հետեւանքով չի ապահովվել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրականցումը:
Այսպես` Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2009թ. հուլիսի 6-ի դատավճռով Ա. Զախարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկան` 7 տարի 6 ամիս ժամկետով:
Այսինքն` նրա կողմից կատարվել է արարք, որը, ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին:
Պարզվել է նաեւ, որ Ա. Զախարյանն անցյալում եւս նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով` 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար դատապարտվել է ազատազրկման` 1 տարի ժամկետով:
Բացի այդ, պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը դրսեւորել է բացասական վարքագիծ: Այն է` 2008, 2010 եւ 2011թթ. ընթացքում նրա մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ: Այսինքն` նա իր մոտ պարբերաբար պահել է արգելված իրեր: Վերջին խախտման ժամանակ դատապարտյալը չի ենթարկվել ՔԿՀ աշխատակցի օրինական պահանջին և չի հանձնել արգելված իրը, այլ հեռախոսը դիտավորյալ հարվածել է գետնին եւ կոտրել` այդկերպ թույլ տալով երկրորդ կարգապահական խախտումը: Դեպքի առթիվ ՔԿՀ վարչակազմի կողմից նախապատրաստված նյութերի քննարկման արդյունքներով ՔԿՀ-ի պետի կողմից կայացվել է որոշում` դատապարտյալ Ա. Զախարյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին եւ նրան հայտարարվել է խիստ նկատողություն:
Դատապարտյալի անձնական գործում առկա 11.02.2012թ. ՔԿՀ-ի պետի կողմից հաստատված վարքի գնահատման թերթիկի համաձայն՝ դատապարտյալի ուղղման աստիճանը գնահատվել է բավարար, ինչը չի համապատասխանում ՀՀ արդարադատության նախարարի՝ 30.05.2008թ. թիվ 44-Ն հրամանի 47-րդ կետի պահանջին: Այսինքն՝ նշված հրամանի համաձայն՝ դատապարտյալի ուղղման աստիճանը կարող է գնահատվել դրական կամ բացասական: Հաշվի առնելով, որ դատապարտյալի կարգապահությունը գնահատվել է ցածր, իսկ վերջին եռամսյակում՝ միջին, ռիսկայնության աստիճանը բոլոր 4 եռամսյակներում գնահատվել է միջին, ուստի՝ դատապարտյալի ուղղման աստիճանը, ըստ վերոնշյալ հրամանի, պետք է գնահատվեր բացասկան:
Որոշումը կայացնելիս տեղաբաշխման հանձնաժողովը պետք է հաշվի առներ նաեւ Ա. Զախարյանի՝ հանրության համար վտանգավորության բնույթն ու աստիճանը:
Ուստի` ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 8-րդ,11-րդ, 102-րդ հոդվածներով եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 3-րդ կետով եւ 30-րդ հոդվածով՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը դատապարտյալ Ա. Զախարյանին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի 2012թ. օգոստոսի 20-ի որոշման գործողությունը կասեցնել եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովին միջնորդել վերանայել հիշյալ որոշումը:
ՀՀ դատախազություն