Լրահոս
Օրվա լրահոսը

Բլոգերի պատրաստած մեդիա արտադրանքը իրո՞ք վիրավորական է, թե ոչ. մեդիափորձագետի կարծիք

Դեկտեմբեր 26,2012 17:46

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ դատական հայց է ներկայացրել, քանի որ կարծում է, որ նրա պատրաստած դեմոտիվատորը վիրավորել է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Որպես փոխհատուցում՝ պատգամավորը բլոգերից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցել մեկ միլիոն դրամ վիրավորանքի, 500 հազար փաստաբանական և 30000 դրամ դատական ծախսերի համար, ինչպես նաև demotivator.am և blognews.am կայքերից ու սոցցանցերից հեռացնել Ուրիխանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող նյութերը: Տ. Ուրիխանյանի դատական հայցի պատճառը «Տարվա ոճային քաղաքական գործիչ» մակագրությամբ դեմոտիվատորն է, որտեղ պատգամավորը պատկերված է կնոջ մարմնով: Այն նվիրված էր Տ. Ուրիխանյանի՝ «Style Screen» մրցանակաբաշխությանը «Տարվա ոճային քաղաքական գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվելուն:

Է. Բարսեղյանը Տ. Ուրիխանյանի դատական հայց ներկայացնելու կապակցությամբ այսպես է արտահայտվել. «Այո, ես կարծում եմ, որ լուրջ տղամարդու համար, որի մասնագիտական գործունեությունը կապված չէ իր մարմնական, ֆիզիկական տեսքի հետ (օրինակ՝ մոդելի, դերասանի) ընդհանրապես սազական չէ ի ցույց աշխարհի դնել սեփական «նվաճումները» այդ ոլորտում։ Միգուցե ես է՞լ դիմեմ դատարան, քանի որ նրա պաշտոնական կայքում տեղադրած նկարներն էլ արատավորում են իմ՝ ՀՀ քաղաքացուս պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Չէ՞ որ ես էլ կարծում եմ, որ ՀՀ պատգամավորը փոքր-ինչ այլ զբաղմունք ու հպարտություն պետք է ունենա, քան «կյաժի» ու «ջպի» նկարվելն է»։

Իր հերթին Տ. Ուրիխանյանը հայտարարել է, թե եթե բլոգերի կարծիքով դա վիրավորանք չէ, ուրեմն այսուհետ նրա ու նրա մերձավոր բարեկամների դիմապատկերները կիսամերկ մանեկենուհիների մարմիններին մոնտաժված կտեսնի տարբեր տեղերում:

Aravot.am-ը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց՝ ի վերջո բլոգերի պատրաստած դեմոտիվատորը՝ որպես մեդիա արտադրանք հակասո՞ւմ է լրագրողական էթիկայի կանոններին և իրո՞ք վիրավորական տարրեր է պարունակում, թե՞ ոչ: Նա այս կապակցությամբ ասաց. «Վիրավորված լինել- չլինելը սուբյեկտիվ բան է: Եթե անձը վիրավորված է զգացել, իհարկե իրավունք ունի դիմել դատարան: Դա նեղ իրավաբանական խնդիր է: Ես չէի վերցնի իմ վրա այն պատասխանատվությունը այս պահին գնահատական տալ, թե ինչքանով է հայցը հիմնավորված: Կթողնեի դատարանի որոշմանը: Ինչ վերաբերում է լրագրողական նորմերի համապատասխանությանը, ապա քանի որ բլոգերի պատրաստածը դա այնպիսի մի երևույթի քննադատության ձև է, որն ունի հանրային նշանակություն՝ այդ մեթոդին, ձևաչափին, հնարքին դիմելը բլոգերի կողմից արդարացված է: Խնդիրն այն է, թե արդյոք ինքը անցե՞լ է այն սահմանը, որ դառնում է վիրավորանք, թե՞ ոչ: Այդտեղ բավականին դժվար է որոշել այդ սահմանը: Լրագրողական նորմեր կան, թե կոլաժում ինչ տարրեր չօգտագործել, որոնք կարող են վիրավորանք առաջացնել, կան կանոններ: Եթե լրատվամիջոցների էթիկայի դիտարկող մարմինն ունենար Ուրիխանյանի բողոքը, կհրավիրեր փորձագետներին և կպատասխաներ այդ հարցին: Քանի որ նա ընտրել է դատարան դիմելու տարբերակը, որոշումը կթողնեի դատարանին: Միայն, երբ գործի բոլոր հանգամանքները պարզ լինեն և տեսնենք պաշտպանվող կողմի հիմնավորումներն ու դնենք փաստերն իրար կողք, դրանից հետո կարող ենք իրավաբանական և էթիկական պատասխանը տալ: Տեղեկատվական վեճերի խորհրդով մենք այդ հարցին կանդրադառնանք, երբ բոլոր հանգամանքները դատարան ներկայացված լինեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31