Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կամո Արեյան. Փողոցներում տեղադրված պեգասների փողը տնային փոշեկուլի էլ չի հերիքի

Դեկտեմբեր 26,2012 17:10

Փողոցների մաքրման աշխատանքների համար նախատեսված մասնագիտական տեխնիկան հին է, եւ մեկ-երկու  տարուց այն գրեթե հնարավոր չի լինի օգտագործել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Aravot.am-ի հարցին, որքա՞ն գումար է անհրաժեշտ նոր տեխնիկա ձեռք բերելու համար, բացի այդ, ավելի լավ չէ՞ր լինի փողոցներում տեղադրված անշունչ ձիերի ու եղնիկների համար ծախսված գումարներն ուղղվեին հենց այդ տեխնիկայի ձեռքբերմանը, որովհետեւ, միեւնույն է, ծայրամասերում ապրողները ոչ հիանում են այդ անշունչ կենդանիներով, ոչ էլ՝ առավել եւս մաքրման աշխատանքներ են իրականացվում այդ տարածքներում, նա պատասխանեց. «Ասել, թե ինչքան գումար է անհրաժեշտ այդ տեխնիկան ներկրելու  համար, դժվար է, որովհետեւ այն ներառված է գնային փաթեթում, մենք սահմանել ենք այն ժամանակակից տեխնիկայի ցանկը, որը որպես տեխնիկական առաջադրանք ներկայացված է ընկերություններին: Ճիշտ է, մեր ունեցածը շատ աղքատիկ է, մասնագիտացված տեխնիկան  տարբեր չափերի, հնարավորությունների, փողոցների եւ այլնի համար հարմարեցված է, իսկ մենք ունենք միատեսակ ձյուն մաքրող եւ փոքր մեքենաներ՝ մայրուղիների համար: Մենք ամենաարագ տեմպերով նոր տեխնիկա  պետք է ներմուծենք օպերատորի միջոցով: Չեմ կարող առանձնացնել ու ասել, թե միայն ձմռան տեխնիկային ինչքան փող է անհրաժեշտ, բացի այդ՝ մեզ պետք է ներմուծել սանիտարական մաքրման ընդհանուր մեկ կոմպլեկտի մեջ մեքենա- մեխանիզմներ, որոնք ծառայում են տարվա բոլոր եղանակներին ու առանց վերապրոֆիլավորելու: Ինչ մնում է եղնիկներին ու պեգասներին, ապա սրա հետ կապված էլ կասեմ հետեւյալը. ցանկացած տանը եւ բնակավայրում պետք է ստեղծել տոնական տրամադրություն, մենք դա արել ենք մեր քաղաքացիների պահանջով, բայց ամբողջ քաղաքում տարածել դա հնարավոր չէր: Տոնական տրամադրությունը ստեղծել ենք միայն մարդաշատ, ընդհանուր օգտագործման վայրերում, այնտեղ, որտեղ միջոցառումներն են խտացված, ինտենսիվությունը հետիոտնի մեծ է: Իսկ դրա փոխարեն ասել՝ գնել սանմաքրում, երբեւէ չէի միանա  այդ մտայնությանն ու ցանկությանը: Սանիտարական մաքրման տեխնիկան շատ թանկ հաճույք է եւ դրա միակ ճանապարհը մրցույթով ներկրելն է: Իսկ պեգասի փողով դա չես առնի, նույնիսկ տնային փոշեկուլի չի հերիքի»:

Դիտարկմանն էլ՝ բազմիցս նշվում է Երեւանում իրականացվող դրական փոփոխությունների մասին, կապված լուսավորության, կանաչ տարածքների ավելացման հետ, բայց դուք նշել եք նաեւ այն,  որ ծայրամասերում խնդիրները տարբերվում են, սակայն այդպես էլ  չասացիք, թե, երբ են դրանք լուծվելու, որովհետեւ հենց ծայրամասերում է, որ լուսավորություն չկա, կանաչ տարածքներ կամ խաղահրապարակներ գոյություն չունեն, աղբահանությունն էլ նորմալ չի իրականացվում. սրանք այն մինիմալ խնդիրներն են, որ թվեցի, պրն Արեյանը պատասխանեց. «Թույլ տվեք չհամաձայնվել այդ հոռետեսության հետ: Չկա, չկա,, բայց այդքա՞ն չկա: Այս տոն օրով շատ ճոխացրեցիք այդ չկան»:

Հաջորդ հարցին էլ՝ դուք անընդհատ օրինակ եք բերում Ավան վարչական շրջանը, անընդհատ մատնանշվում են Ավանում իրականացվող աշխատանքները, շեշտվում դրականը, բայց չէ՞ որ չէր էլ կարող չլինել, քանի որ քաղաքապետի բնակավայրն է, եւ, ի վերջո, Երեւանը միայն Ավանը չէ. «Մեր քաղաքը հագեցած է անհամաչափ խնդիրներով, եւ դա օրինաչափ է: Մենք հակված ենք մեր քաղաքի խնդիրները լուծել ամբողջության մեջ, չանտեսելով Չարբախի բնակչի խնդիրը, քանի որ նա նույն մեր համաքաղաքացին է եւ հավասարապես նրա պահանջարկը վերաբերվում է մեզ այնքանով, ինչքանով վերաբերվում է Սայաթ-Նովայի փողոցի բնակչի պահանջարկին: Բայց պետք է հասկանալ, որ որպես քաղաքային միջավայր, նրա եւ կենտրոնի հագեցվածությունը, քանի որ դրանք տարբեր են: Եվ ոչ մեկի մտքով չի անցնում Չարբախի բնակչին թողնել առանց լուսավորության, առանց տրանսպորտի եւ ասֆալտապատման»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31