Այսուհետ Լոռու մարզի Թումանյան համայնքի մշակույթի տունն ու արվեստի դպրոցը նոր գույք ունեն:
Մարզկենտրոն Վանաձորից 38 կմ հեռավորության վրա գտնվող համայնքի մշակութային օջախները երաժշտական գործիքներով, գրապահարաններով, գրասեղաններով, աթոռներով, աշակերտական սեղաններով, 2 համակարգիչներով համալրելը իրականություն է դարձրել «ՀԿ կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ֆինանսավորմամբ «Թումանյան համայնքի մշակութային կյանքի ակտիվացում» ծրագրի շրջանակներում:
«Ծրագրի իրականացման շնորհիվ համայնքի բնակիչները կայցելեն արվեստի դպրոց եւ մշակույթի տուն, կստանան մշակութային ու գեղագիտական կրթություն, կկարողանան արդյունավետ կազմակերպել իրենց ժամանակը, կկազմակերպեն մշակութային միջոցառումներ, համերգներ»,-ասում է «ՀԿ կենտրոնի» դրամաշնորհների ղեկավար Սյուզան Հովսեփյանը:
Նրա խոսքերով` սա նաեւ լավ առիթ է` վերագտնելու կորցրած ժամանակն ու երեխաներին տարբեր խմբակներում ընդգրկելու :
Կարդացեք նաև
«Կվերաբացվեն արվեստի դպրոցի երաժշտական, նկարչության, պարի, ձեռագործության խմբակները, որտեղ կուսանեն շուրջ 40 երեխաներ»,-տեղեկացնում է ՀԿ-ի դրամաշնորհների ղեկավարը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ