Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինական միգրացիան արտագաղթը կզսպի՞

Դեկտեմբեր 26,2012 16:49

2010 թվականին սկիզբ առած «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» վերնագիրը կրող ծրագիրը արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացվում է մեր երկրում:

«Այս ծրագրի հիմնական նպատակը դեպի Եվրոպական Միության անդամ

երկրներ ուղղված աշխատանքային միգրացիայի անկանոն հոսքերը կարգավորելն է: Նախքան այս ծրագիրն սկսելը, դեռ 2006 թվականին` մեկ այլ ծրագրի շրջանակներում, ֆիլմեր ենք նկարել, գնացել-հասել ենք Եվրոպա, հանդիպել ենք մեր համաերկրացիների հետ ու փորձել ենք պարզել նրանց խնդիրները»,- այսօր «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հ/կ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը:

Ըստ նրա` անցած երկու տարիների ընթացքում իրենց հաջողվել է ծրագրի շրջանակներում որոշ ձեռքբերումներ ունենալ,սակայն դեռ անելիքներ ունեն:

Չորս հիմնական բաղադրիչ ունեցող ծրագիրը նաեւ նպատակ ունի Եվրոպային ներկայացնել հայաստանյան աշխատուժը:

«Մեր գլխավոր նպատակներից մեկն է ստեղծել տեղեկատվական հարթակ, որի միջոցով եվրոպացի գործատուն կկարողանա ճանաչել իր հայ աշխատողին, իսկ հայ աշխատողը` իր հերթին, կկարողանա օգտվել զբաղվածության որակյալ ծառայություններից»,- ասաց կազմակերպության գործադիր տնօրենը` ընդգծելով, որ իրենք այս առիթով ուսուցողական դասընթացներ են կազմակերպել մարզերում եւ մայրաքաղաքում:

Միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի ղեկավար Քրիստինա Գալստյանի կարծիքով` ծրագրի շրջանակներում նաեւ պայքար է գնում թրաֆիքինգի դեմ ու աջակցություն է ցուցաբերվում կամավոր հայրենիք վերադարձողներին:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք ծրագիրը իր մեջ պարունակում է արտագաղթը զսպող գործառույթ, Միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի ղեկավարը պատասխանեց.«Մենք պետության ֆունկցիա մեզ վրա չենք ստանձնել: Մենք չենք կարող օրենքներ ընդունել կամ փոխել: Մենք այս հարցում միայն օգնում ենք պետությանը: Մեր միջոցով միգրացիան բերվում է օրինական դաշտ: Եթե Եվրոպա գնալու համար օրինական դաշտ ստեղծվի, ապա կարծում եմ, որ արտագաղթն ինքնին կզսպվի»:

Հիշեցնենք, որ «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագիրն իրականացվում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից:

 

 Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31