Այսօր «Սլաք» ակումբում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ռեկտոր Արմեն Մազմանյանն ամփոփեց բուհի այս տարվա գործունեությունը: «Ես երբեք գոհ չեմ լինում, երեւի մահանալուց առաջ էլ դժգոհ լինեմ, բայց ընդհանուր առմամբ` գոհ եմ, որ կոլեգաներիս հետ հակամարտություններ չկան: Սկանդալային գործչի իմիջը աշխատանքում չի խանգարում, ոչ մեկ այս ընթացքում չի ուշաթափվել կամ ինձ դատի չի տվել: Մարդիկ հասկանում են, որ այն, ինչ անում եմ, ինձ համար չեմ անում: Երբ կարգ ես փոխում եւ նորից գրում ծրագրերը, կրթական համակարգը կարծես «ռեստարտ» է լինում, եւ ամբողջը նորից վերախմբագրվում է: Չնայած Բոլոնյան համակարգը հեշտացնում է կրթական չափորոշիչները, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը խստացնում է դրանք: Մեր ծրագրերը գնալով բարդանում են, իսկ դասախոսական կազմի ներկայացուցիչների հիսուն տոկոսը կազմում են նոր մարդիկ: Բուհում ռեֆորմ ասվածը խստացումներն են եւ դիսցիպլինայի հաստատումը»,-ասաց Մազմանյանը:
Նրա խոսքով. «Տարին ավարտվեց ինտեգրման մեծ հոսքով, մասնավորապես` տեղի ունեցան բազմաթիվ վարպետաց դասեր, արտասահմանից հրավիրվեցին մասնագետներ: Դա, իհարկե, թանկ հաճույք է, բայց պետք է անենք, քանի որ մի քանի դասընթացի արդյունքում մեր ուսանողները մեծ օգուտ ստացան: Հատկապես հրաշալի վարպետության դաս անցկացրեց Արտավազդ Փելեշյանը: Մարդիկ անգամ ասում են, որ Փելեշյանը կյանքում այդքան չէր խոսել: Փելեշյանին այդքան խոսացող եւ ժպտացող չէին տեսել: Նրա պաշտպանական դիմակի տակ փափուկ, փխրուն եւ մանուկ մարդ է թաքնված, եւ, կարծում եմ, դրա մեջ է նրա արվեստի վարպետությունը»:
Պարոն Մազմանյանը հավելեց, որ ԵԹԿՊԻ-ն ունի լավագույն ձայնագրման ստուդիան, ինտերակտիվ գրադարան, ուսանողական թատրոն, իսկ ուսանողներն ավարտելուց կտիրապետեն տեխնիկական բոլոր ժամանակակից մեթոդներին. «Արդեն իսկ անցկացրել ենք մի քանի փառատոն: Հատկապես ակտիվ են կինոյի ֆակուլտետի ուսանողները, ովքեր միջազգային մի շարք փառատոններում նվաճեցին մրցանակներ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ