Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արման Նավասարդյանը եւ Gallup International Association կազմակերպությունների հայկական գրասենյակի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը ներկայացրեցին Երեւանի բնակչության շրջանում Gallup International-ի`«Ոստիկանության եւ քաղաքապետարանի 2012 թվականի գործունեության գնահատականը» թեմայով անցկացրած հարցումների արդյունքները, որին ներկա էին նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ- մայոր Վարդան Եղիազարյանը:
Նավասարդյանը նշեց, որ հարցումների միջոցով փորձ է արվել գնահատել Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության գործունեության աշխատանքը: Հարցմանը մասնակցել է 1066 հոգի, այն իրականացվել է դեմ առ դեմ, հարցումներն իրականացվել են նոյեմբերի 10-20-ը ժամանակահատվածում:
«Ինչպես կգնահատեք Երեւանի փոփոխությունները վերջին մեկ տարում հարցին՝ բնակչության 24 տոկոսը նշել է լիովին դրական, 54 տոկոսը՝ ավելի շուտ դրական, չեն կողմնորոշվել 13 տոկոսը, 6 տոկոսը նշել է՝ ավելի շուտ բացասական եւ 4 տոկոսը՝ բացասական:
Ներկա պահին որոնք են Երեւանի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրները, աղբահանություն՝ նշել է հարցվածների 22 տոկոսը, հասարակական տրանսպորտը՝ 21 տոկոսը, բնապահպանական խնդիրներ՝ 14 տոկոսը եւ այլն:
Կարդացեք նաև
Դրական փոփոխություններ, որոնք իրականացվել են քաղաքապետարանի կողմից. 18 տոկոսը նշել է կանաչ տարածքների ավելացումը, 17 տոկոսը՝ բարեկարգ բակերի կառուցումը, 13 տոկոսը՝ նստարանների տեղադրումը, 10 տոկոսը՝ այգիների բարելավումը եւ այլն:
Միջոցառումներ, որոնք կցանկանայիք իրականացվեր քաղաքապետարանի, թաղապետարանների կողմից հարցին 41 տոկոսը նշել է կանաչապատ տարածքների ավելացումը, խաղահրապարակների կառուցումը, շաբաթօրյակների, մշակութային եւ սպորտային միջոցառումների անցկացումը 17 եւ 28 տոկոս՝ համապատասխանաբար:
Երեւանի մշակութային կյանքը հարցվածների մոտ 54 տոկոսն է դրական գնահատել, քաղաքային տրանսպորտը՝ ընդհանուր առմամբ 38 տոկոսը, անվտանգությունը ընդհանուր առմամբ 66 տոկոսին է գոհացնում, մաքրությունը 48 տոկոսն է դրական համարել եւ լուսավորությունը՝ 76 տոկոսը»,- ներկայացրեց Նավասարդյանը, նշելով, որ դրական փոփոխությունների առումով քիչ դինամիկա ունի քաղաքային տրանսպորտը եւ մաքրության հարցը:
Հարցման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հասարակական վայրերում ծխելուն, ու պարզվել է, որ տղամարդիկ՝ 67 տոկոսն է ծխում, իսկ կանանց՝ միայն 7 տոկոսն է նշել:
Վարչական համայնքներից առաջատար են Ավանը, Կենտրոնը եւ Դավիթաշեն համայնքները: Շենգավիթը, Նուբարաշենը եւ էրեբունին ցածր չափորոշիչներ ունեն:
Ինչ վերաբերում է ոստիկանության աշխատանքներին, ապա, ըստ Նավասարդյանի՝ այս հարցում վերջին մեկ տարում իրականացվող փոփոխությունները հարցվածների 69 տոկոսը բավականին դրական է գնահատել: «Արագաչափերի տեղադրումից հետո երթեւեկությունը, ըստ վարորդների 12 տոկոսի՝ դարձել է առավել անվտանգ, 40 տոկոսը նշել է ավելի շուտ անվտանգ, եւ 20 տոկոսը նշել է, որ չի փոխվել, իսկ 17 տոկոսն ասել է, որ երթեւեկությունը դարձել է առավել վտանգավոր: Ավտոմեքենա վարողներին հարց է ուղղվել, արդյոք ձեր վարելու ոճը փոխվե՞լ է արագաչափերի տեղադրումից հետո, վարորդներից միայն 37 տոկոսն է պատասխանել այո»,- հավելեց Նավասարդյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ