Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղադրում է ՀՀԿ-ին՝ իրենց եւ քաղաքական այլ ուժերին «գծից» հանելու մեջ

Դեկտեմբեր 26,2012 15:56

«Քաղաքական ուժերին գծից, շարքից հանելու քայլերի թիկունքում իշխող կուսակցությանն եմ տեսնում»,- Aravot.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ չհամաձայնելով ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի պնդումներին, թե ՀՀԿ-ն ամեն հնարավորություն ու պայման ստեղծել է ընդդիմության ուժերը համախմբելու համար ու այս հարցում ՀՀԿ-ին չպետք է մեղադրեն: «Ընդդիմության համար լավագույն պայմաններ են ստեղծում այն ժամանակ, երբ ընդդիմությունն ու իշխանությունն ունենում են հավասար հնարավորություններ, երբ հանրային ու պետական ռեսուրսները մատչելի են բոլորին»,- հավելեց պարոն Սաֆարյանը:

Նա նաեւ չհամաձայնեց, թե ԲՀԿ-ի այլընտրանքային ուժ ներկայանալը խաղ էր ու ընդդիմության դաշտը պառակտելու նպատակով էր ծրագրված. «Չեմ ուզում բացառել նման մեկնաբանությունը, բայց, կարծես թե, արդյունքն այդ է: Մյուս կողմից տեսանելի է այն, որ երեք նախագահների ճնշումների դաշտում ԲՀԿ-ի վիճակը հեշտերից էլ չի եղել, կողմնորոշումը որեւէ մեկի օգտին կարող էր ճակատագրական լինել եւ մեծ հետեւանքներ ունենալ հենց ԲՀԿ-ի համար: ԲՀԿ-ն փորձեց պահպանել իրեն: Այդ քայլը համարում ենք այս ամեն ինչի հետեւանք, միաժամանակ չեմ կարծում, թե ԲՀԿ-ն, կոպիտ ասված, գործուղված էր ընդդիմադիր դաշտը փլուզելու համար»:

Պարոն Սաֆարյանը չի կարծում, թե ԲՀԿ-ի դիրքորոշումը ընտրություններում ոչ ոքի չսատարելու վերաբերյալ, արդեն իսկ գործող նախագահին սատարելն էր. «Ինչու չէ, ՀՀԿ-ն ԲՀԿ-ի սատարելու կարիքն ունի, որովհետեւ Սերժ Սարգսյանը 2008-ին շեմը մի կերպ հաղթահարեց ԲՀԿ-ի շնորհիվ, հիմա նա ավելի թույլ վիճակում է քան 2007-ին, չունի ԲՀԿ-ի սատարումն ու ունի մարտի մեկի հետ կապված մեղադրանքներ եւ այսպես շարունակ: Հայաստանը նախագահական ընտրությունների է գնում թուլացած ընդդիմությամբ եւ թուլացած իշխանությամբ: Այս առումով, ասել, թե ԲՀԿ-ի չսատարման որոշումը ուժեղացրեց իշխանությանն, այդ կարծիքին չեմ»:

Նա նաեւ հավելեց, որ ԲՀԿ-ն լուրջ կասկածի տակ է դրել ընտրությունների լեգիտիմությունը՝ անուղղակիորեն ցույց տալով, որ իր չառաջադրվելու պատճառներն ավելի շատ իր նկատմամբ կիրառված ճնշումներն են, քան թե պարզապես չմասնակցելու ցանկությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31