Վաղը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով առաջին նիստը: Դատավոր Մարտին Սարոյանը լսելու է դաժան մարդասպանության մեջ մեղադրվող Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդու` 29-ամյա Հարություն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով, Մանյա Ղուկասյանի հետ նշանվող Կարեն Եսայանին «խանդի հողի վրա» սպանելու, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, արտերկրից տարբեր անձանց անուններով Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելու ու վերավաճառելու մեջ:
«2010-2011թթ. ընթացքում տարբեր անձանց անուններով ՀՀ տարածք է ներմուծել 4.897.588 ՀՀ դրամ մաքսային արժեքով թվով երեք ավտոմեքենա, դրանք 10.625.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրացրել է տարբեր անձանց, որի արդյունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 768.194 ՀՀ դրամի զգալի վնաս` եկամտահարկ` 471.904 ՀՀ դրամ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճար` 296.290 ՀՀ դրամ»-, ընթերցում ենք քրեական գործում:
Մեր տեղեկություններով, վաղը դատական անդրանիկ նիստը կհետաձգվի, քանի որ երիտասարդին ԱԱԾ մեկուսարանից դեռ չեն տեղափոխել Արթիկ քրեակատարողական: Նշենք, որ այս երիտասարդի հոր` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի դեմ ևս քրեական գործ է հարուցվել, քանի որ նա խոչընդոտել է Շիրակի մարզի այն քննիչի աշխատանքը, ով իր որդու գործով որպես վկա հրավիրելով, հարցաքննում էր նախկին ոստիկանապետի բարեկամին` Ա.Գրիգորյանին:
Կարդացեք նաև
Նշենք, որ այս գործով դատական առաջին նիստը ևս հետաձգվեց, այն նույնպես նշանակվելու է տոնական օրերից անմիջապես հետո:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ