«Տարվա կադրը այն երիտասարդ կինն էր, որ Մաշտոցի պուրակում լացում էր ՀՀ նախագահի գալուց հետո, երբ նրան հարց տվեցին, ասաց, հա բա գիշերներն անցկացնում ես, ինչ-որ բանի հասնում ես…»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:
Նա խոսեց տարվա ֆենոմենների մասին՝ մի կողմից նշելով քաղաքացիական ակտիվությունը, մյուս կողմից փաստելով, որ երբ իշխանությունը գնում է զիջումների, դրանից ավելի ուժեղանում է պետականությունը:
Ըստ նրա՝ երկրորդ ֆենոմենը Տարոն Մարգարյանն է, ում օրինակով ապացուցվում է, որ ժողովուրդը շնորհակալ է, երբ ինչ-որ մարդ մի բան անում է:
Կարդացեք նաև
Պարոն Կիրակոսյանը, խոսելով դատական համակարգում գոյություն ունեցող հիմնախնդիրներից, նկատեց. «Այնպիսի տպավորություն է, թե ոնց որ նրանք մութ նկուղներում իրենց դատերն անցկացնեն»:
Դառնալով ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակին՝ բանախոսը կարևորեց կուսակցությունների ներքին ժողովրդավարության հարցը:
Այնուհետև վերլուծելով առանձին քաղաքական գործիչների գործունեությունը, նկատեց. «Պետք է Թոխմախի Մհերներից ժամանակին ազատվել, քանի որ իրենք քաղաքական գործիչ չեն: Բացահայտորեն հասել ենք այն սահմանագծին, որ այլևս չի կարելի շարունակել այս տիպի հանրային քաղաքականությունը»:
Aravot.am-ը պարոն Կիրակոսյանի հետ զրույցում փորձեց հստակեցնել՝ ի վերջո ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության առումով առաջընթաց գրանցվե՞լ է, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Հետխորհրդային երկրներում իրավիճակը կտրուկ վատացել է: Մարդու իրավունքների ոտնահարման դրսևորումները դարձել են կոպիտ: Հռչակում են մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, բայց ուրիշ քաղաքականություն են վարում: ՀՀ-ում այդպես չէ: Այս տարին նաև դրանով է հետաքրքիր: Կան սա փաստող երկու կարևորագույն բաներ. «Ա1+»-ի եթեր գալը, թեկուզ և իրավական իմաստով լուծում չստացավ, բայց գոնե խոսքի ազատության առումով ինչ- որ բան ստացանք և Մաշտոցի պուրակը: Այսօրվա վիճակով, որ հետընթաց չկա, կարող ենք ասել, որ արդեն լավ է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ