Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Մատաղիսի» գործը ցույց տվեց, որ դատական իշխանությունը կարող է դեմ գնալ նախաքննական մարմիններին»

Դեկտեմբեր 26,2012 15:09

ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խոստանում է, որ առաջիկա չորս տարիները արդարադատության համակարգի համար արմատական են լինելու, ինչի արդյունքում համակարգը դառնալու է «այլ համակարգ»: Այսօր այդ մասին լրագրողների հետ «առանց փողկապի» հանդիպման ընթացքում ասաց նախարարը: Տարվա ամփոփիչ իր ասուլիսում նախարարն ասաց, որ նախագծերը կան եւ առաջիկայում կյանքի են կոչվելու:

Իսկ մինչ այդ, ամփոփելով արդեն կատարված դրական աշխատանքները, Հրայր Թովմասյանը «հեղափոխություն» անվանեց այն, որ այժմ իրավաբանական անձանց գրանցումը ընդամենը 5-7 րոպեում է կատարվում եւ առանց հավելյալ բարդությունների ու քաշքշուկների: «Եթե հաջողվի այս համակարգը առաջիկա տարիներին պրոյեկտել պետություն-իշխանություն մյուս համակարգերի վրա, ապա պետք է ասեմ, որ մարդ-պետություն, քաղաքացի-պետություն հարաբերությունների միանգամայն այլ պատկեր եք տեսնելու»,-ասաց բանախոսը:

Նախարարի գլխում ծագած և թղթին հանձնած հավակնոտ ծրագրերից է նաեւ համակարգում պետության կողմից մատուցվող ծառայությունների 80 տոկոս թվայնացումը, ինչը նույնպես քաղաքացիներին կազատի ավելորդ բյուրոկրատիայից, քաշքշուկներից:

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ նոտարական համակարգում «0 տոկոս ստվերայնություն» կա, իսկ առաջին 8 ամիսների ընթացքում արդեն կա 18 տոկոս աճ՝ վճարված հարկերի տեսանկյունից. «Նոտարիատը պետք է լինի մեր տնտեսական հարաբերություններում գլխավոր կայունության էլեմենտներից մեկը: Հայեցակարգը պատրաստ է և եկող տարի, վստահ եմ, կունենանք ամբողջ օրենսդրությունը, ինչը նոր համակարգ կձևավորի»:

Խոսելով քրեակատարողական համակարգում փոփոխությունների մասին, նախարարն ասաց, սպասվելիք դրական տեղաշարժը բերելու է գալիք տարի շահագործման հանձնվելիք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը՝  400 տեղով, ինչն իր հերթին լուծելու է ՔԿՀ-ների թեթեւացման, շենքային պայմանների բարելավման խնդիրները:

Նախարարն ասաց, որ ՔԿՀ-ներում դատապարտյալների շրջանում զբաղվածության տոկոսը բարձրանում է. 2011-ին 160 դատապարտյալ է աշխատանք ունեցել, իսկ 2012-ին՝  310-ը, հաջորդ տարի այդ թիվը դառնալու է 500:
Դատաիրավական համակարգի «աքիլլեսյան գարշապարը», ըստ Հրայր Թովմասյանի, շարունակում է մնալ դատական իշխանությունը: Սակայն, վիճակն անհուսալի չէ եւ նախարարը այս ոլորտում էլ դրական տեղաշարժեր տեսնում է: Մասնավորաբար, «Մատաղիսի գործ»-ով արդարացման վճիռը: «Այս որոշումը ցույց տվեց, որ դատական իշխանությունը կարող է դեմ գնալ նախաքննական մարմիններին: Նման երևույթները պետք է լինեն և դառնալու են ապագա մեր դատական իշխանության ինչպիսիության խնդիրը», -ասաց Թովմասյանը: Արդարադատության նախարարը խոստացավ նաեւ առաջիկայի համար խստացնել դատավորին ներկայացվող պահանջները. «Բացի նրա տեսական գիտելիքներից, մենք պետք է այնպիսի մեխանիզմներ սահմանենք, որ պարզենք նրա մարդկային, նրա իրավիճակում կողմնորոշվելու, նրա արդարամիտ լինելու հանգամանքները: Դատական համակարգում առկա բարեփոխումների ինդիկատորը պետք է լինի հասարակության կողմից դատական իշխանության նկատմամբ վստահության բարձրացումը»: Ի դեպ, այդ չափորոշիչներն արդեն մշակվում են:

Արդարադատության համակարգում խնդիրների լուսաբանման ու դրանք հանրությանը ներկայացնելու համար մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում նաեւ «Առավոտ» թերթի եւ Aravot.am կայքի խմբագրակազմը, շնորհակալագիր եւ դատապարտյալների ձեռքով պատրաստված հուշանվերներ ստացան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31