Ընդդիմությունից Հրանտ Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել են առաջադրվելու մասին: Հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» համագումարում հավանական համարեց, որ ՀՅԴ-ն կսատարի իրեն, քանի որ հակասություններ չկան, ինքը ընդունել է եւ միանշանակ կողմ է 7 կետերին: Այսօր այդ առնչությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հարցին, թե մեծ հավանականությո՞ւն կա, որ իրեն կսատարեք, քանի որ ընդունել է ձեր առաջարկները՝ պատասխանեց. «Մենք իսկապես շատ հստակ ենք ասել, թե ում կուզենայինք պաշտպանենք: Մենք այս ընտրություններից արդեն մեծ ակնկալիք չունենք, որ սա կարող է հանգեցնել իշխանափոխության: Մի շտապեք, նոր են սկսում թեկնածուներն իրենց տեսակետները հայտել, հլը կհետեւենք՝ կտեսնենք, թե կրքերը բորբոքվելուց ուր այս ամեն ինչը կտանի: Մեր 7 կետերը միայն Րաֆֆին չի ընդունել, շատերն են ասել: Միայն դեկլարատիվ հայտարարությունները չեն»:
Այն, որ ընդդիմությունը չի մասնակցում, ըստ Արմեն Ռուստամյանի, սա առիթ է ժողովրդին մտածելու: Մենք իսկապես ամեն ինչ արեցինք, որ համախմբման հասնենք: Ալտերնատիվ ավելի լավ բան ոչ ոք չի առաջարկել. «Չեմ ուզում մեղքը սրա-նրա վրա բարդել, բայց փաստը մնում է փաստ, որ ընդդիմությունը կարող էր համախմբվել: Զենքերը վայր դնելու հարց չկա: Հարցն այն է, որ այն մեթոդներով, ինչ ընտրությունները տեղի են ունենում, սա նշանակում է, որ մենք փչացում ենք մեր ընտրողներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ