Լրահոս
Օրվա լրահոսը

Զոլյանը վաղն Աշոտյանին ապաշխարելու է կանչում

Դեկտեմբեր 26,2012 14:15

Այս տարվա ապրիլի 17-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով աշխատանքից ազատվեց Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասութան դատարանում /դատավոր՝ Ռ.Ափինյան/ վաղն այդ գործով, հավանաբար, հրապարակվի վճիռը: Իսկ մինչ վաղը, նախկին ռեկտորը, որն իրեն «նախկին» չի համարում, այլ «ժամանակավոր արձակուրդի մեջ գտնվող», ասուլիս էր հրավիրել:

Ս. Զոլյանն ասաց, որ իր պայքարն ուղղված է սահմանադրական կարգի վերականգնմանը եւ որեւէ պաշտոնյա իրավունք չունի չհարգել սահմանադրությունն ու օրենքները: Ըստ նրա՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը խախտել է սահմանադրության մի շարք հոդվածներ, մասնավորապես, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների սահմանափակումը տեղի է ունենում ոչ թե նախարարի հրամանով, այլ օրենքներով: Ստուգումներն արվում են ոչ թե նախարարի հրամանով, այլ դարձյալ օրենքով: Ս. Զոլյանի համոզմամբ, նախարար Ա.Աշոտյանի հրամանը պատվեր էր, եւ ըստ էության, «նախարարը՝ կառավարությունը գերազանցել է իր լիազորությունները»:

Նա տեղեկացրեց, որ Ստրասբուրգ գնալու համար, որպես Եվրախորհրդի փորձագետի, իրեն աշխատանքից ազատել են: «Եթե համատեղելի չէին իր՝ ռեկտորի եւ փորձագետի կարգավիճակները, ապա միջազգային պայմանագրերը թող չստորագրեր Հայաստանը, եւ իրեն էլ կառավարության որոշմամբ թող չնշանակեին փորձագետ»,- ասաց Ս.Զոլյանը:

Նա նախարարի կողմից ոտնձգություն համարեց նաեւ բուհերի ինքնավարության դեմ ուղղված քայլերը: Նա ասաց, որ նախարարության իրավաբաններն անտեղյակ էին «Բարձրագույն կրթության մասին» օրենքից, ինչպես նաեւ 2003թ. կառավարության այն որոշումից , համաձայն որի՝ ուսանողների անհատական գրաֆիկի հարցն է կարգավորվում:

Անհատական ժամանակացույցի դրվագը ռեկտորի դեմ ուղղված «մեղադրականի» մասն է կազմում:

Ս. Զոլյանն ասաց, որ վաղը Ա. Աշոտյանը պիտի գա ապաշխարելու: « Նա կանգնած, թե նստած, միեւնույն է՝ հայտնվելու է մեղադրյալի աթոռին»,- նշեց նախկին ռեկտորը:

«Aravot.am»-ի հարցին, թե դատարանի վճռից մեկ օր առաջ նման ասուլիս հրավիրելը դատարանի վրա ճնշում չէ՞, եւ ինչո՞ւ վճռի օրը չհրավիրվեց ասուլիս, պարոն Զոլյանն ասաց, որ ինքը չի կիսում, թե  ճնշում է դատարանի վրա կարծիքը, այլ ասուլիսը դիտում է «տեղեկատվության տրամադրում»:

Իմ գործընկերներից մեկին հետաքրքրում էր, թե դարձյալ մո՞տ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցը:

Ս. Զոլյանը հարցին հարցով պատասխանեց. «88-ից ճանաչում եմ Ռոբերտ Քոչարյանին: Մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ: Մոտիկությունը նշանակում է օրենքները չե՞ն տարածվում մեր վրա»: Հաջորդ հարցին, թե Աշոտյանն ո՞ւմ պատվերն է կատարել՝ հեռացնելով իրեն բուհի ռեկտորի պաշտոնից, Ս. Զոլյանը խորհուրդ տվեց հարցնել նախարարին ու նրա հոգեբույժին. «Նա երեւույթ է.ախտանիշ…», ապա պատկերացրեց, որ նախարարը կարող էր ընդամենը եվրոպական որեւէ երկրի հյուրանոցի բեռնակիր աշխատել: Բուհում կատարված ստուգումների պատվիրատու նախկին ռեկտորը համարեց նախարարին, ասելով, որ եթե ստուգելու էին մեկ տարին, ապա ինչո՞ւ ստուգումները ընդգրկեցին նաեւ 2004թ.-ը:

Նա լրատվամիջոցներից «տեղեկացավ», թե ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ մտադիր են նոր համալսարան բացել:

Նա տեղեկացրեց, «ժամանակավոր արձակուրդի» ժամանակ գտնվել է Տալինում, հրապարակել է մի գիրք, որը լեզվաբանութուն եւ գրականություն շարքում երկրորդն էր գնողունակության առումով: Դասախոսել է 4 առաջնակարգ բուհերում՝ անգլերեն, մասնակցել է երկու միջազգային կոնֆերանսների, այդ թվում՝ հայագիտությանը նվիրված Սանկտ Պետերբուրգում կայացած 9-րդ միջազգային կոնֆերանսին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31