Cultural.am կայքը եւ Հայաստանի գրողների միությունը ՀՀ մշակույթի նախարարության եւ Երիտասարդական բանկի աջակցությամբ դեկտեմբերի 28-ին Կամերային երաժշտության տանը կազմակերպում են «Ինտերվենցիա» խորագրով երիտասարդական գրական-երաժշտական երեկո-ցուցահանդես: Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հայտնեց միջոցառման ծրագրի համակարգող Հասմիկ Խեչիկյանը: Նա նշեց, որ նախաձեռնության նպատակն է` համախմբել տարբեր ոլորտների երիտասարդ արվեստագետներին, համագործակցության եզրեր ստեղծել եւ ներկայացնել նրանց աշխատանքները. «Հաճախ մի ոլորտի արվեստագետը չի մտածում, որ գոյություն ունի մեկ այլ ոլորտ, այդ պատճառով միջոցառումը հատկապես ակտիվ արվեստագետներին հնարավորություն կընձեռի դրսեւորվել եւ նոր գաղափարներ առաջ քաշել: Երեկոյի ընթացքում գրականության ոլորտից հանդես կգա 15 ակտիվ բանաստեղծ եւ արձակագիր, 6 նկարիչ եւ կոմպոզիտոր: Երիտասարդ կոմպոզիտորները ստեղծագործություններ են գրել բանաստեղծների տեքստերի հիման վրա»:
Երիտասարդ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը հայտնեց, որ միջոցառման շրջանակում կոմպոզիտորները կներկայացնեն 5 նոր ստեղծագործություն. «Երեկոն հատկապես աննախասդեպ է այդ առումով, բացի այդ, համախմբում է արվեստի միանգամից երեք ճյուղ: Մեր կազմն ընդգրկում է նաեւ դրսում սովորող ակտիվ արվեստագետների, ովքեր աջակցել են կազմակերպչական գործին»:
Սարդարյանի խոսքով` Հայաստանում կան ժամանակակից երաժշտությունը պրոֆեսիոնալ կատարող տաղանդավոր երիտասարդներ:
Խոսելով արվեստի խնդիրներից` Հասմիկ Խեչիկյանն ասաց, որ հասարակությունը չի ցանկանում հաղորդակից լինել ժամանակակից արվեստին. «Դա բնական է, քանի որ ժամանակակից արվեստն ընկալելու համար պետք է որոշակի պատրաստվածություն ունենալ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ