Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն չի մասնակցելու ընտրություններին

Դեկտեմբեր 26,2012 14:06

ՀՅԴ-ն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց իր որոշման մասին՝ թեկնածու չառաջադրել, լիազորել Գերագույն մարմնին հետեւել ընտրություններին, հետամուտ լինել 7 կետանոց առաջարկների իրականացմանը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք բոլորիս աչքի առաջ փորձում էին համախմբել ընդդիմությունը, բայց չստացվեց, ամեն մեկը որոշեց առանձին գնալ ընտրության կամ չգնալ. «Պահանջելու ենք, որ ով էլ որ ընտրություններին անցնի, հաշվի նստի 7 կետերի հետ»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց, որ Գերագույն մարմնի ժողովում իսկապես բուռն քննարկում է եղել եւ այնպես չի, որ բոլորը միակարծիք էին. «80 հոգի էին, մի մասը գտնում էր, որ պետք է մասնակցել: Ի վերջո քննարկումների արդյունքում բացարձակ մեծամասնությունը հանգեց այն կարծիքին, որ պետք է չմասնակցել: Ինչու որոշեցինք չմասնակցել՝ ՀՀ-ում ընտրությունը ստվերային է: Մարդիկ գնում են ընտրատեղամաս, բայց ստվերում ամեն ինչ որոշված է: մենք չկարողացանք այս տարիներին այդ բնույթը փոխել: Միասնական ճակատ հնարավոր չեղավ ձեւավորել, որ միասնական գնայինք ընտրությունների: Ինչու չբոյկոտեցինք: Բոյկոտը եթե իմաստ ունի, իմաստ ունի ընդհանուր, ընդդիմադիր ուժերի բոյկոտը: Սկզբից էլ պարզ էր, որ նման համընդհանուր բոյկոտ հնարվոր չի՝ կախված ամբիցիաներից, տարբեր պատճառներից: Ի վերջո մենք մեր բոյկոտով չէինք կարող վարկաբեկել ընտրությունների ինստիտուտը»:

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մյուս փոխներկայացուցչի՝ Արսեն Համբարձումյանի, ընդդիմության չմիավորված լինելը գործող նախագահին հաղթելն իրատեսական չի դարձնում ու «այս կանխորոշված ընտրությունների արդյունքում եթե գործող նախագահը կհաղթի, թող հաղթի մեր երկրում տիրող անարդարությանը, հաղթի օլիգարխներին եւ մոնոպոլիաներին: Հաղթանակը դա կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31