«Այսուհետ, երբ հարցազրույց եմ տալիս, հատկապես ոտքի վրա, պիտի նախադասությունները միմյանցից անջատեմ, ամեն հարցին տարբեր պատասխանեմ` նոր անցնեմ հաջորդ հարցին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարից հետաքրքրվել էինք` որո՞նք էին իր համար անցնող տարում արված հիմնական հետեւությունները, մանավանդ որ, 2012-ն իր համար սկանդալային եղավ` կապված քրեակատարողական հիմնարկներում ինքնախեղման դեպքերի եւ դրանց վերաբերվող նախարարի մեկնաբանությունների հետ: Այնուհանդերձ, Թովմասյանն ասում է, որ այդ դեպքերն առիթ հանդիսացան, որ խնդիրն ինքը եւս մեկ անգամ խորքային ուսումնասիրի եւ իր համար հետեւություններ անի, որոշակի միջոցառումներ ձեռնարկի:
Նախօրեին Հրայր Թովմասյանը հանդիպում է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ, ով նախկինում եղել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան: Թովմասյանը նրանից հետաքրքրվել է, թե օրվա ընթացքում իրենց մոտ ինքնախեղման քանի դեպք է լինում: Պարզվում է` 20-40, ընդ որում, նույն տիպի, ինչ որ ՀՀ-ում: Նկատենք, որ հարեւան Վրաստանում կալանավորների թիվը 3-4 անգամ գերազանցում է ՀՀ-ում կալանավորների թվին: Թովմասյանն ասաց, որ օրվա ընթացքում մեզ մոտ ինքնախեղման 1-2 դեպք է լինում, լինում են օրեր, երբ ընդհանրապես նման դեպք չի լինում: Նախարարը մեկ անգամ եւս ընդգծում է, որ սա Հայաստանին բնորոշ երեւույթ չէ:
Ի դեպ, վրացի գործընկերոջից Թովմասյանը հետաքրքրվել է` իբրեւ նախկինում մարդու իրավունքների պաշտպան ինքն ի՞նչ է անում ինքնախեղման դեպքերի առիթով: Վրաց նախարարն ասել է, որ սկզբում գայթակղությունը մեծ է եղել` ամեն դեպքի ետեւից գնալու եւ պարզելու պատճառները, բայց հետո հասկացել է, որ դրա արդյունքում ավելի մեծ ալիք է բարձրանում եւ դատապարտյալները փորձում են այդ կերպ իրենց խնդիրները լուծել: «Եվ սրա մեջ տրամաբանություն կա»,- արձանագրեց Հրայր Թովմասյանը` հավելելով, որ ինքն այդպիսով բնավ էլ չի ժխտում ՔԿՀ-ներում խնդիրների առկայությունը ու դրանց լուծման անհրաժեշտությունը: Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ այդ տարբերակով կալանավորը փորձել է պատասխանատվությունից ազատել իր կնոջը, ով թմրանյութ էր անցկացրել իր մոտ, պարտադրել իրեն վաղաժամկետ-պայմանական ազատել եւ այլն: Նրա կարծիքով, նախարարությունը պետք է նախապես փորձի խնդիրների լուծման ձեւեր գտնել, որպեսզի բանը ինքնախեղման եղանակով հարցերի լուծմանը չհասնի: «Նման ձեւով, շանտաժի ձեւով ոչ ոքի ընդառաջ չենք գնալու, բայց եթե կան օբյեկտիվ հիմքեր` պետք է լուծումներ գտնենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ