Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր կայացած ասուլիսում հայտնեց, որ 2011-ի մարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումից հետո, որի համաձայն նախադպրոցական հաստատություններ հաճախելը երեւանյան գրանցում ունեցողների համար անվճար է, մանկապարտեզի սաների թիվը հասել է 31500: Տիկին Սողոմոնյանը չթաքցրեց, որ կան բազմաթիվ հերթագրվածներ, որոնք կտեղավորվեն տեղերն ազատվելուց անմիջապես հետո: Վարչության պետի ասելով, նախադպրոցական հաստատությունների սննդի վերահսկողությունն ավելի է ուժեղացվել, ինչի արդյունքում այս տարի ավելի լավ պատկեր ունեն: Մշտապես իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում, կարգապահական տույժեր են ստացել մանկապարտեզների որոշ տնօրեններ, այդ թվում՝ 6-ը ազատվել է աշխատանքից, 8-ին հայտարարվել խիստ նկատողություն: Ի դեպ, գործող «թեժ գծին» ստացվել է մանկապարտեզների վերաբերյալ 12 բողոք, որոնք բոլորն էլ, պետի հավաստմամբ, բավարարվել են:
Գայանե Սողոմոնյանը նշեց, որ նախադպրոցական հաստատություններում եւս պայմաններ են ստեղծվում կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների համար: Նա ափսոսում է, որ 90-ականներին մանկապարտեզների տարածքներ են վաճառվել, իսկ ներկայումս քաղաքապետի հանձնարարականով ուսումնասիրվում է բոլոր մանկապարտեզների՝ վարձակալությամբ տրված տարածքները ազատելու հարցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև