Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ն ԻԱԿ-ին կվճարի 100.000 դրամ՝ տեղեկատվությունը թաքցնելու համար

Դեկտեմբեր 26,2012 13:23

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պարտավորվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մասին տեղեկատվություն եւ փոխհատուցել 100.000 ՀՀ դրամ կազմող դատական ծախսերը՝ պետտուրքը եւ փաստաբանին վճարված գումարը՝ համաձայն 2012թ. դեկտեմբերի 21-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռի (դատավոր՝ Արայիկ Մելքումյան):

Դեռեւս 2012թ. ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին՝ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.

1. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը 25.04.2012թ. դրությամբ որքա՞ն գումար է ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար:

2. Ծախսած գումարներից որքա՞ն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը:

ՀԴԿ-ն ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: 2012թ. մայիսի 16-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցում ուղարկեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը, որը, սակայն, նույնպես մնաց անպատասխան:

2012թ. հուլիսի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀԴԿ-ին 5-օրյա ժամկետում տրամադրել տեղեկատվություն եւ փոխհատուցել դատական ծախսերը:

2012թ. դեկտեմբերի 21-ին դատարանը ճանաչեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցրեց ՀԴԿ-ին տրամադրել տեղեկատվություն եւ փոխհատուցել դատական ծախսերը՝ 100.000 դրամի չափով։ Ի դեպ, սա 2012թ. ընթացքում կայացված երկրորդ վճիռն է, որով փոխհատուցվում է հասարակական կազմակերպության կատարած դատական ծախսերը՝ տեղեկատվության ազատությանն առնչվող դատական գործով:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31